Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբաստանյալը տուժող Վահրամ Մարտիրոսյանին խոստացել էր տալ քաղաքական գործիչ հանդիսացող հոր նյութերից»

Փետրվար 25,2017 14:30

Դավիթ Սիմոնյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր անմեղ եւ արդարացրել էր՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։

Դատավոր Գագիկ Պողոսյանի արդարացման դատավճիռի դեմ բողոք բերած դատախազը՝ Մ. Նալբանդյանը, պահանջել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ Դ. Սիմոնյանին մեղավոր ճանաչել խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու համար, նրան դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով եւ տուգանք` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով:

Դ. Սիմոնյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, իսկ նրան պաշտպանում է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այս գործով տուժողների մեջ էր Բաքվում գտնվող Վահրամ Մարտիրոսյանը:

Առաջին ատյանի դատարանն անթույլատրելի էր համարել Վ. Մարտիրոսյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը՝ ապացույցը մեղադրական ապացույց գնահատելը, իսկ վերաքննիչ դատարանը հանգել էր հետեւյալին. «Դատարանի այն պնդումը, թե անթույլատրելի ապացույց ճանաչված Վ. Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքները միակ եւ վճռորոշ ապացույցն է, իսկ մնացած ապացույցներն ինչպես առանձին-առանձին վերցված, այնպես էլ համակցությամբ բավարար չեն ապացուցված համարելու համար, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքը, արդարացված չէ, քանի որ քրեական գործով ձեռք բերված եւ դատաքննության ընթացքում պատշաճ կերպով հետազոտված թե մյուս սպացույցների համակցությունը, թե ամբաստանյալի կողմից դատաքննության վերջում տված անհեթեթ հայտարարությունը, որ Վ. Մարտիրոսյանին խոստացել է տալ քաղաքական գործիչ հանդիսացող հոր նյութերից եւ նրա հետ ունեցած հեռախոսազանգերն ու կարճ հաղորդագրությունը վերաբերում են այդ պայմանավորվածությանը, թե Վ. Մարտիրոսյանից հափշտակություն կատարելու եղանակի եւ տեղի նույնությամբ համընկնումը Դ. Սիմոնյանի կողմից նախկինում կատարած հափշտակությունների հետ իրենց համակցությամբ բավարար կերպով հիմնավորում են նշված դրվագով Դ. Սիմոնյանի մեղքը եւ առավել քան բավարար են դատարանի մոտ ներքին համոզմունք ձեւավորելու եւ մեղադրական դատավճիռ արձակելու համար»։ Ի դեպ, ամբաստանյալի հայրը «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է:

Մեղադրանքը պաշտպանող դատախազի բողոքի համաձայն, առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Դավիթ Սիմոնյանին արդարացնելով, ճիշտ իրավական գնահատականի չի արժանացրել վերջինիս կողմից կատարված արարքը եւ արդյունքում եկել է ոչ ճիշտ եզրահանգման։

Նշենք, որ առաջին ատյանի դատավճռի հիմքում դրվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունը, կապված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(դ) ենթակետի՝ հետեւությունը. «եթե մեղադրյալին դատավարության որեւէ փուլում հնարավորություն չի տրվել հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված անձին, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից»: Խոսքը նաեւ «Ունտերպերտինգերն ընդդեմ Ավստրիայի» 1986 թվականի նոյեմբերի 24-ի վճիռն է:
ՄԻԵԴ-ի մեկ այլ գործով էլ՝ «Սադակը եւ ուրիշներն ընդդեմ Թուրքիայի» վճռում դատարանն արձանագրել էր. «Անձի դատապարտումը չի կարող ամբողջապես կամ վճռական չափով հիմնվել այնպիսի անձի հայտնած տվյալների վրա, որին հարցեր ուղղելու համարժեք հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել»:

Սակայն վերաքննիչ քրեական դատարանը նույն նախադեպային որոշումների հետ կապված հայտնել էր, թե «Հակընդդեմ հարցման՝ կոնֆրոնտացիայի իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում։ Այլ կերպ` առանց հակընդդեմ հարցման` ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելու արգելքը բացարձակ բնույթ չի կրում։ Ուստի այս պարագայում հանրային եւ մասնավոր իրավաչափ շահերի հավասարակշռությունը հնարավոր է ապահովել հանրային շահերի առավել մեծ ընդգրկմամբ»։

Վերաքննիչ դատարանը, որը մասնակի բեկանել էր դատավճիռը եւ գործն ուղարկել էր նոր քննության նույն Կենտրոնի դատարանում, հղում էր արել «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործին»: Ըստ դատարանի իրավական դիրքորոշման. «Վկայի բացակայությունը երկրից ինքնին բավարար չէ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 կետի (դ) ենթակետի պահանջները բավարարված դիտելու համար։ Նշված պահանջների իմաստով պետությունը պոզիտիվ պարտականություն ունի ձեռնարկել քայլեր՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին։ Հետեւաբար, վկայի բացակայության դեպքում դատարանները պետք է ձեռնարկեն ողջամիտ բոլոր ջանքերը նրա ներկայությունն ապահովելու համար, այդ թվում՝ հանձնարարեն իրավասու մարմիններին հնարավոր բոլոր միջոցներով պարզել վկայի գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմեն նաեւ միջազգային իրավական օգնության»։

Դրանով իսկ հնարավորություն կտրվի պաշտպանության կողմին հակընդդեմ հարցման ենթարկել մեղադրական բովանդակությամբ ցուցմունք տված վկաներին, նրան հարցաքննելու համարժեք եւ պատշաճ հնարավորություն։

Երեկ դատարան չէր ներկայացել տուժողներից Էռնեստ Մկրտչյանը: Իսկ հանրային պաշտպան Ա.Հոբոսյանն էլ տեղեկացրել էր, թե մասնակցում է քննչական գործողությունների, խնդրել էր կես ժամով հետաձգել դատական նիստը: Սակայն դատարանը կես ժամ հետո նշանակված այլ նիստ ուներ, ուստի դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատական նիստը, այն տեղի կունենա մարտի 27-ին:
Ըստ մեղադրանքի կողմի, «Դավիթը տուժող Էռնեստ Մկրտչյանին «Այֆոն 5 էս» մոդելի բջջային հեռախոս եւ «Սամսունգ» տեսակի դյուրակիր համակարգիչ վաճառելու պատրվակով Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի բակում խաբեությամբ վերցրել է 40.000 ՀՀ դրամ գումար, ապա բջջային հեռախոսն ու համակարգիչը գրավառուից վերցնելու եւ Է. Մկրտչյանին տրամադրելու առիթով մտել է Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենք եւ հեռացել` հափշտակելով տուժողի 40.000 ՀՀ դրամ, գումարը»։

Ի դեպ, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացած դատաքննության ժամանակ տուժող Է. Մկրտչյանը հայտնել էր, թե ամբաստանյալը հատուցել է իր վնասը ու հաշտվել են իրենք, հետեւաբար, խնդրել է իր մասով ամբաստանյալի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։

Մեղադրողն ու պաշտպանն էլ չէին առարկել միջնորդությանը։ Սակայն նույն մեղադրողի բողոքը վերաքննիչը բավարարել էր, եւ այս տուժողի մասով նոր քննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ տուժող ճանաչված Վահան Մարտիրոսյանի ցուցմունքով էլ, որը նա տվել էր մինչեւ Բաքու մեկնելը, «90.000 ՀՀ դրամով դյուրակիր համակարգիչ գնելու նպատակով՝ մաս-մաս վճարելու պայմանով, ինքը հայտարարություն է զետեղել www.list.am ինտերնետային կայքում եւ որպես իր կոնտակտային տվյալ՝ գրել է իր 077-51-36-80 բջջային հեռախոսահամարը։ 2015թ. ապրիլի 22-ին 077-02-18-55 բջջային հեռախոսահամարով իրեն է զանգահարել նախկինում անծանոթ Դավիթ Սիմոնյանը, ներկայացել է Տիգրան անվամբ եւ առաջարկել է իրենից գնել «Սամսունգ» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ 60.000 ՀՀ դրամ նախապես վճարելու պայմանով։ Առաջարկն իրեն հետաքրքրել է, բայց քանի որ տվյալ երեկոյան հարմար չի եղել հանդիպել Դավիթ Սիմոնյանի հետ, իսկ վերջինս, ըստ իր հայտնած տեղեկության, հաջորդ օրը պետք է մեկներ Սեւան, պայմանավորվել են հանդիպել, երբ նա կվերադառնար Սեւանից։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին՝ առավոտյան ժամերին, Դավիթը նախ մի քանի անգամ զանգահարել է իրեն, սակայն ինքը քնած է եղել, ապա կարճ հաղորդագրություն է ուղարկել, թե կարող է համակարգիչը վաճառել տվյալ օրը՝ մինչեւ իր Սեւան մեկնելը։ Նրանք պայմանավորվել են հանդիպել Խորենացու փողոցում գտնվող «Կիվի» սուպերմարկետի մոտ։ Հանդիպելով՝ Դավիթ Սիմոնյանն իրեն ասել է, որ համակարգիչը գտնվում է Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքում, իր մորաքրոջ տանը եւ նախ եւ առաջ ինքը պետք է նրան տա 60.000 ՀՀ դրամ գումար, ապա միայն վերցնի համակարգիչը եւ հանձնի իրեն։ Բարձրանալով նշված շենքի մուտքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկ՝ Դավիթն իրեն ասել է, թե չի ցանկանում, որպեսզի իր մորաքույրը տեսնի նրան: Նրան տվեցի 60.000 ՀՀ դրամ գումարը, իսկ նա բարձրացավ վերեւի հարկ։ Մի քանի անգամ զանգեցի հեռախոսին, նա «անհասանելի» էր։ Ապա բարձրացա վերեւ, տանիքի դուռը բաց հայտնաբերելով, հասկացա, որ Դավիթը խաբել է ինձ»։

Այս գործով կա միայն մեկ վկա:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728