Կարծում է «Արթբրիջ» գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավանը
Այս տարվա հունվարի 27-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ մշակութային զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցի նախնական ներկայացումը: ՄԶՑ ազգային զեկույցը մշակում է «Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային զարգացման ցուցիչները 7 ձեւաչափերում (տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային հավասարություն, հաղորդակցություն եւ ժառանգություն) խմբավորվող 22 քանակական եւ որակական ցուցիչների ընդգրկուն համակարգ է: ՄԶՑ-ի նպատակն է ազգային եւ միջազգային զարգացման ռազմավարության, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության ձեւավորման համար տրամադրել փաստերի վրա հիմնված մոտեցում:
ՄԶՑ ազգային զեկույցի մշակումը սկսվել է 2016 թվականից ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում: Մշակույթի զարգացման ցուցիչների մեթոդաբանությունը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից եւ կիրառության մեջ ներառվել 2009-ից: Այս գործիքի շնորհիվ հնարավոր է գնահատել պետության զարգացման գործում մշակույթի դերակատարությունը:
Փաստաթղթից երեւում է, որ, օրինակ, տարրական դպրոցում ուսումնական ժամերի 16% է նվիրվում արվեստին, միջնակարգ դպրոցի առաջին երկու տարիների ընթացքում այդ արդյունքը կազմում է 8,33 տոկոս: Պարզվում է նաեւ, որ Հայաստանում չկան հատուկ ուսումնասիրություններ, որոնք կարող են ամբողջությամբ ներկայացնել ինքնության ձեւավորմանն ուղղված մշակութային իրադարձությունները: Ըստ փաստաթղթի, 2015-ի տվյալներով ՀՀ 1000 քաղաքացիներից միայն 170,6-ն են այցելում թատերական ներկայացումներ, 60,9-ը` համերգներ: Փաստաթղթի ներկայացումից հետո լայն քննարկումներ ծավալվեցին, եղան անհամաձայնություններ մշակութային որոշ հ/կ-ների կողմից:
«Արթբրիջ» գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավանը եւս մասնակցել է ՄԶՑ ազգային զեկույցի նախնական ներկայացմանը: «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ որոշակի սուբյեկտիվություն է նկատել այս փաստաթղթի նախնական տարբերակում: Նա գտնում է, որ Հայաստանի նման փոքր երկիրը, որ ունի բազմաթիվ արվեստագետներ, ինչ-որ առումով թերագնահատված է փաստաթուղթը մշակողների կողմից:
«Այսօր բազմաթիվ նկարիչներ ունենք, որոնք Նկարիչների միության անդամ չեն, բազմաթիվ գրողներ ունենք, որոնք Գրողների միության անդամ չեն, ունենք հաջողակ ստեղծագործողներ, պետք է սիրենք ու գնահատենք իրենց: Կամ՝ որ ասում են իբր Հայաստանում քիչ են կարդում: Չկա նման բան՝ այստեղ բոլորը կարդում են: Օրինակ, եթե ես տպագրում եմ Ծաղիկ անունով գիրքը, բայց դուք հետաքրքրված եք, դիցուք, աթոռի մասին գրքով, դա ձեր խնդիրը չէ, իմ խնդիրն է: Ես պետք է ուսումնասիրեմ շուկան: Մենք հակամարկետինգով չպետք է զբաղվենք: Օրինակ, իմ աշխատակազմում, որ երիտասարդներ են, բոլորն են կարդում, կարդում են անգլերեն, ռուսերեն, հայերեն: Կարեւոր չէ, թե ինչ են կարդում, պարտադիր էլ չէ, որ ամեն երիտասարդ կամ երեխա փիլիսոփայություն կարդա…»,-նշեց մեր զրուցակիցը:
Տիկին Շաքեն նաեւ իր դստեր օրինակը բերեց. «Մի օր աղջիկս եկավ տուն ու ասաց, որ իրեն ասել են այլեւս «Հարի Փոթեր» չկարդալ: Հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեց, որ ասել են, թե վատ է: Իմիջիայլոց, մի հավաքի ժամանակ էլ խոսք գնաց, թե իբր «Հարի Փոթերը» վտանգավոր է մեր երեխաների համար: Նույն տրամաբանությամբ «Կարմիր գլխարկը» եւս վտանգավոր կարող ենք համարել, մանավանդ ահավոր դաժան պատմություն է, իսկ «Հարի Փոթերը» այդքան էլ դաժան չէ: Կարծում եմ՝ չպետք է երեխային արգելել կարդալ այս կամ այն գիրքը: Եթե նա կարդում եւ հաճույք է ստանում, արդեն լավ է ու դու կարող ես նրան երկրորդը առաջարկել՝ քո նախընտրածը: Այդպես նա կկապվի գրքի հետ: Մի բան եւս՝ երբեք չպետք է թերագնահատես քոնը՝ երիտասարդներին, հեղինակներին, ստեղծագործողներին»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
24,02.2017