Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը անդրադարձ է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) ստեղծագործական գործունեությանը: Երգչախումբը պարբերաբար մասնակցում է միջազգային փառատոների, պետական ծրագրերի եւ բարեգործական համերգների։ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը, ինչը մեծ պատիվ է մեզ համար, հետեւաբար՝ անդրադարձի առիթ: Ֆիլմում պատկերված է խմբի շրջագայությունը դեպի Շվեյցարիայի տարբեր քաղաքներ, համերգների պատրաստության փորձերն ու ելույթները:
Ֆիլմը սկսվում է փորձասենյակից, որտեղ խմբավարը՝ Տ.Հեքեքյանը, աշխատում է երեխաների հետ, այնուհետեւ ռեժիսորը սահուն կերպով անցում է կատարում շրջագայությանը՝ ներկայացնելով Շվեյցարիան՝ իր հիասքանչ բնապատկերով, այդ բնապատկերին ներդաշնակ երեխաները հնչեցնում են մեղեդին՝ շարականը, որի լույսը տարածվում հասնում է Ալպերի ձյունափայլ կատարներին: Ֆիլմում հստակ ընդգծված է երաժշտությունը: Փաստական նյութը ուղեկցվելով երգչախմբի բազմաժանր կատարումներով, ռեժիսորի ճշգրիտ համադրմամբ եւ օպերատորական գտնված դիտակետերի օգնությամբ նպաստում են վավերագրական ֆիլմի եւ կինոդիտողի միջեւ հուզական կապի ձեւավորմանը:
Ժանրային առանձնահատկությամբ ֆիլմը վավերագրական է, սակայն ռեժիսորի պատկերի, երաժշտության եւ փաստական նյութի հետաքրքիր խաղարկումներով ստացել է գեղարվեստական նշանակություն: Այն առանձնանում է իր մոնտաժային լուծումներով, ռեժիսորական բարձր ճաշակի, նյութի խաղարկման վարպետությամբ, գեղարվեստական ինքնատիպ լուծումներով:
Կարդացեք նաև
Վավերագրական ֆիլմերին հատուկ հեղինակային խոսքը, որը սովորաբար ուղեկցում է պատկերաշարը, ռեժիսորը փոխարինել է երաժշտությամբ, լռության մեջ հնչող երաժշտություն, որն այնքան խոսուն է: Օգտագործելով շարժվող տեսախցիկի տարբերակը՝ օպերատորը դառնում է խմբի անդամներից մեկը, ընդգրկվում նրանց առօրյային՝ նպաստելով նյութի բնական, անկաշկանդ վիճակի պատկերմանը, որի շնորհիվ նյութը ստանում է գեղարվեստական արժեք:
Ուզում եմ ընդգծել մի կարեւոր փաստ. երգիչները մանկահասակ երեխաներ են, ովքեր, չնայած իրենց տարիքին, կատարում են հսկայածավալ աշխատանք, աշխատասիրության եւ, իհարկե՝ խմբավարի հոգատարության ու բարձր մասնագիտական որակի շնորհիվ փառավոր կերպով ներկայացնում մեր երկիրը աշխարհի հեղինակավոր բեմերում՝ ոտքի կանգնեցնում ամենախստապահանջ հանդիսատեսին՝ շատերին ստիպելով արտասվել: Տեսախցիկը կողքից, հանդիսատեսի աչքով հետեւում է նրանց աշխատանքային գործընթացին, պատկերները սահուն անցումներով փոփոխվում են ՝ առօրյայից համերգային դրվագների, ցույց տալիս հանգստի ժամերը՝ որտեղ ակնհայտ կերպով ընդգծվում է խմբավարի հոգատարությունն ու ծնողական ջերմությունը երգչախմբի երեխաների հանդեպ, այնուհետեւ փորձի տեսարանը, կուլիսներից այնկողմ, տեսախցիկի առջեւ է կրկին խմբավար՝ խստապահանջ, կատարյալ արդյունքի սպասող մասնագետը:
Ռեժիսորական պրոֆեսիոնալ լուծումներ են ստանում տեսաշարի եւ երաժշտության ճիշտ փոխկապակցումները. հնչում է Ռիչարդ Ռոջերսի «Ալպիական ձյունածաղիկը», էկրանին են հայտնվում Շվեյցարիայի անծայրածիր ալպիական մարգագետինները՝ զարդարված անթիվ, անհամար մարգարտածաղիկներով: Անցումները հոգեւոր, դասական, ջազ եւ ժամանակակից խմբերգերի կենդանի կատարումներով հմտորեն համադրված էին ֆիլմի պատկերաշարին, կարողանում էին դիտողին լավագույնս ներկայացնել երգչախմբի ստեղծագործական պատրաստվածության բարձր աստիճանը, առաքելությունը մեր երկրում եւ դրա սահմաններից դուրս, գրավում իրենց անաղարտության մեջ, դրանք մաքրամաքուր են, քանզի հնչում են աշխարհի ամենաանմեղ էակների՝ երեխաների շուրթերից, տարրալուծվում անսահմանության մեջ՝ մնալով նույնքան անաղարտ, որքան նրանք են: Ֆիլմը եզրափակվում է Էրեբունի-Երեւան երգով, պատկերաշարի ռիթմը փոխվում է, դառնում ավելի խրոխտ, պահանջատեր, հպարտ երգի հնչյունները տարածվում են սրահում, ոտքի հանում հանդիսատեսին, մասնակից դարձնում երգին: Ռեժիսորն ակնհայտ կերպով բացում է ենթատեքստը, այս հրաշքը մերն է, նրանք հայ են, այս փոքրիկ էակները մեր երկիրն են, «այդ փոքրիկները աշխարհով մեկ տարածում են մեր հայրենիքի լույսը»:
«Այսքան երիտասարդ եւ այսքան կատարյալ երեխաներ»,-հնչում է ֆիլմում հանդիսատեսի կարծիքը: Այս կարծիքը ֆիլմի առանցքային կետերից մեկն է, որը զարգացրել է ռեժիսորը, վարպետորեն համադրել ներկայացվող նյութը, երաժշտությունը, որը զարդարված է հարուստ բնապատկերներով: Վավերագրական ֆիլմի հստակ արտահայտված հեղինակային նման ոճի ինքնուրույն տեսակն այսօր հազվադեպ կարող ենք տեսնել հայկական կինոարտադրության մեջ: Հրանտ Վարդանյանի ֆիլմերն աչքի են ընկնում ռեժիսորական, մոնտաժային, կոմպոզիցիոն հետաքրքիր, յուրօրինակ լուծումներով, թե վավերագրության, թե կինոյի մյուս ժանրերում կարողանում է հղկել նյութը՝ անշուշտ թողնելով սեփական ձեռագիրը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ
«Առավոտ»
24,02.2017