Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան դրվագներ, երբ մարդիկ Աստծուն էին դիմում ծոմապահությամբ

Փետրվար 25,2017 13:00

Երկուշաբթի` փետրվարի 27-ին, սկսվում է Մեծ Պահոց շրջանը: Ինչ կապ ունեն պահեցողությունն ու ծոմապահությունն Աստվածաշնչի հետ

Ոմանց կարող է թվալ, թե Աստվածաշնչում հստակ պատվիրան չկա ծոմապահության համար: Բայց եկեք դիտարկենք երկու հանգամանք: Առաջինն այն է, որ երբ Աստված Ադամին ու Եվային տեղավորեց դրախտի պարտեզի մեջ, նրանց ասաց, որ ամեն ծառի պտուղներից կարող են ուտել, բացի բարու եւ չարի գիտության ծառից, «որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծն 2:17): Ուրեմն տեսնում ենք, որ Աստված որոշակի հստակ պահեցողության կոչեց մարդուն, որպեսզի նրան պաշտպանի վնասից: Դա հենց մարդու օգուտի համար էր: Ու մենք գիտենք, որ չարը հենց ուտելիքն օգտագործեց մարդուն գայթակղելու եւ մեղքի դրդելու համար: Ուտելիքը զսպելը օգնում է մարմնի վրա իշխանություն վերահսկելու գործին: Երկրորդն այն է, որ Տեր Հիսուսը չասաց, եթե ծոմ պահեք, այլ՝ «երբ ծոմ պահեք» (Մթ. 6:16), հստակ ցուցադրելով, որ մարդու համար պետք է լինի ծոմապահության ժամանակ: Նախքան առաջ շարժվելը, եկեք տեսնենք ծոմապահության ու պահեցողության տարբերությունը կերակրացանկի տեսանկյունից: Պահեցողության ժամանակ հրաժարվում ենք կենդանական ծագման բոլոր կերակուրներից (մսեղեն եւ կաթնեղեն), իսկ ծոմապահությունը պահեցողության ամենախիստ տեսակն է, երբ մարդը մեկ կամ մի քանի օրով, նայած իր կարողության ու հոգեւոր վիճակի, հրաժարվում է բոլոր տեսակի կերակուրներից՝ հոգին զորացնելու, մարմնի վրա իշխանություն վերահսկելու եւ Աստծուն ավելի մոտենալու պատճառներով: Ծոմապահության ժամանակ ոմանք ջուր խմում են, ոմանք՝ ոչ:

Հիմա եկեք տեսնենք, թե Աստվածաշնչում ինչ պատճառներով էին մարդիկ ծոմ պահում: Ահա 7 իրավիճակներ Աստվածաշնչից:

1. Նոր առաքելության պատրաստվելիս
Տեր Հիսուս Քրիստոսը 40 օր ու գիշեր ծոմ պահեց ու աղոթեց իր երկրային առաքելությունը սկսելուց առաջ: Նա առանձնացավ, որպեսզի պատրաստվի այն սուրբ առաքելության համար, որին Հայր Աստվածը կանչել էր նրան: (Մաթ. 4:1-17, Մարկոս 1:12-13, Ղուկաս 4:1-14)

2. Պահեցողություն Աստուծո իմաստությունը փնտրելիս
Պողոս Առաքյալն ու Բառնաբասը երբ եկեղեցու երեցներ էին ձեռնադրում, պահեցողությամբ հանդերձ աղոթք էին անում եւ այդ երեցներին հանձնում Տիրոջը, որին հավատացել էին: (Գրծ 14:22)

3. Վշտի ու սգի ժամանակ
Արտաշես արքայի 20-րդ տարում երբ Նեհեմիան իմացավ Երուսաղեմի պարիսպների ավերման ու իր ժողովրդի անպատվության մասին, նա օրերով սուգ արեց, ծոմ պահեց ու աղոթքի կանգնեց (Նեհ. 1:1-4): Արդյունքում Երուսաղեմը կրկին վերաբնակեցվեց:

4. Փրկություն եւ ազատում խնդրելու ժամանակ
Եզրաս անունով քահանան ծոմապահության քարոզ արեց եւ հրեաները աղոթքով ու ծոմապահության Աստծուց օգնություն խնդրեցին ազգի ապահով ներգաղթի համար: Նրանք պիտի Բաբելոնից Երուսաղեմ մոտ 1000 կիլոմետր ճանապարհ անցնեին: Աստված նրանց լսեց (Բ Եզրաս 8:21-23): Արդյունքում ոչ միայն Երուսաղեմը վերականգնվեց, այլ նաեւ վերակենդանացվեց ու բարեփոխվեց հասարակության կրոնական կյանքը:

5. Զղջման համար
Այն բանից հետո, երբ Հովնան մարգարեն Նինվեացիներին հայտարարեց, որ Աստուծո դատաստանով քաղաքը պիտի 3 օրից կործանվի, Նինվեի թագավորը ելավ իր գահից, պատմուճանը հանեց, քուրձ հավագ եւ նստեց մոխրի վրա: Նա ազդարարեց քաղաքի բնակիչներին, որ մարդ ու անասուն, հոտ ու արջառ ոչինչ չուտեն, չճարակեն ու ջուր չխմեն (Հովնան 3:10): Թագավորն ու մեծամեծերը ժողովրդին հրամայեցին ծոմ պահել ու աղոթել: Նրանք զղջացին ու ետ դարձան իրենց չար ճանապարհներից: Աստված դա տեսավ ու քաղաքը փրկեց վերահաս կործանումից:

6. Հաղթանակի համար
Մի անգամ հրեաները պատերազմի ժամանակ 2 օրում տասնյակ հազարավոր զինվորներ կորցնելուց հետո վերջապես դարձան Աստծուն ու օգնություն աղաչեցին: Դատավորաց 20-26ն ասում է, «ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ»: Հաջորդ օրն Աստված նրանց հաղթանակ շնորհեց:

7. Աստվածպաշտության համար
Ղուկասի Ավետարանի 2-րդ գլխում մենք կարդում ենք 84 տարեկան Աննա մարգարեուհու մասին: Նա «չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղկ 2:33): Աննան նվիրված էր Աստծուն եւ ծոմապահությունը Աստուծո նկատմամբ նրա սիրո արտահայտություններից մեկն էր:
Տեսնո՞ւմ եք Աստվածաշնչում ինչպիսի տարբեր պատճառներով էին մարդիկ ծոմ ու պահք պահում եւ ինչպիս հրաշալի ազատարար ու հոգեւոր արդյունք է բերում ճշմարիտ ծոմապահությունը: Ափսոս, որ շատ մարդիկ չեն պահում ծոմապահության այս կարգը: Ոմանք վախենում են, թե սոված կմնան: Սատանան էլ նրանց խաբել ու համոզել է, թե անհնար է մի օր ոչինչ չուտել: Ոմանք անտեղյակ են ծոմապահության եւ պահեցողության կարեւորության մասին, որովհետեւ շատ քրիստոնյաների նույնիսկ չեն էլ սովորեցրել այս բաների մասին: Ոմանք էլ պարզապես ըմբոստ են, որովհետեւ նրանք գիտեն ծոմապահության օգուտների մասին, բայց չեն կամենում այդ հոգեւոր աշխատանքը կատարել:

Սիրելի բարեկամ, ծոմապահությունն անչափ անհրաժեշտ բան է Քրիստոսին հավատացող մարդու համար: Աստվածաշնչում ուրիշ օրինակներ էլ կան, որ այստեղ ընդգրկված չեն, ինչպես օրինակ՝ Եսթերի եւ հրեաների եռօրյա ծոմապահությունը: Բայց հիմա հերթը քոնն է:

Արդյոք կանոնավոր ծոմապահությունն ու պահեցողությունը դու դարձրե՞լ ես քո հոգեւոր կյանքի մի մասը: Երբ Տեր Հիսուսը դեւին դուրս էր հանում մի դիվահար երիտասարդի միջից ու աշակերտները հարցրեցին, թե ինչո՞ւ իրենք չկարողացան դեւին դուրս հանել երիտասարդից, Տերն ասաց. «այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ» (Մտ 17:20):

Ահա սկսվում է Մեծ Պահոց շրջանը: Եկեք դուք էլ պահեցողությունն ու ծոմապահությունը դարձրեք ձեր հոգեւոր կյանքի անքակտելի մասը: Ու կսկսեք քաղել դրա պտուղները:
Օրինակ, ես հավատում եմ, որ եթե մենք էլ ազգովի գոնե մեկ օր ծոմ պահենք, իսկապես զղջանք մեր սխալ մտքերի ու գործերի համար, իսկապես զղջանք ու ետ քաշվենք մեր չար ճանապարհներից, իսկապես զղջանք ու դառնանք Աստծուն, ապա եւ Արցախի հարցը կլծուվի, եւ մեր թշնամիներին խաղաղություն կպարտադրվի, եւ ներգաղթ կլինի, եւ արդարությունը կշատանա, եւ մեր հոգեւոր կյանքը կվերանորոգվի եւ Աստուծո շնորհներն առատությամբ կլցնեն մեր սրտերն ու մեր երկիրը: Եթե դուք էլ այսքանից հետո հավատում եք ճշմարիտ ծոմապահության զորությանը, եկեք միանանք ու փետրվարի 27-ին՝ մեծ պահքի առաջին օրը սկսենք ծոմապահությամբ, զղջանք մեր սխալների համար, դառնանք Աստծուն եւ փոխենք մեր կյանքի անիվների ուղղությունը:

Այս պահին գրեթե 200 մարդ միացել է այս ծոմապահությանը, որի մասին կարող եք կարդալ Ֆեյսբուքում այստեղ՝ https://bit.ly/2kq8KCC:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

24,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728