Կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։
Համարձակ ու անկանխատեսելի որոշումներով հայտնի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի դերի մեծացում է կանխատեսում։ Ըստ նրա, թե′ դեմոկրատները եւ թե′ հանրապետականները ցանկանում են հնարավորին չափով սահմանափակել նախագահի կայացրած որոշումները։
«Օրինակ` Կոնգրեսը դեմ է, որ նախագահը սահմանափակի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Շատերն են մտահոգ Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Խոսքը վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին խնդիրներին։ Հաջորդ կարեւոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն են: Շատ դեպքերում վարչակազմի և Կոնգրեսի դիրքորոշումները չեն համընկնում»։
Ադամ Շիֆը ասում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։
Կարդացեք նաև
«Հարավակովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»–ի կայքում: