Արցախի հարցում երկու կարծիք լինել չի կարող՝ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքն երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
Արցախը Հայաստանի կազմում կլինի մարզի կարգավիճակով, թե այլ՝ «Ելք»-ի համար քննարկելի է: Ինչ վերաբերվում է փոխզիջումներին, ինչի մասին քանիցս խոսել է դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Ելք»-ում իրենք համաձայնության են եկել՝ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը բացառում է ԼՂՀ անկախության կամ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այժմ, բանախոսը գերխնդիր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը պահել: Նա սին է համարում Ադրբեջանի այն պատրանքները, թե իրենք ռազմական առումով ավելի հզոր են: «Հայաստանը բավարար ռազմական հզորություն ունի Ադրբեջանին հակահարված տալու, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անկախությունը պաշտպանելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օգտատերերից մեկը հետաքրքրվեց՝ դաշինքում պատկերացումներ ունե՞ն՝ հաղթանակի դեպքում ինչպիսի կառավարություն են ձեւավորելու: «Ելք-ում ձեւավորվել է այնպիսի ներուժ, որը կարող է ձեւավորել եւ ստվերային եւ իրական կառավարություն, ստանձնել ՀՀ-ի կառավարումը: Կոնկրետ պաշտոններ չեմ կարող նշել: Բայց շատ է խոսվում վարչապետի թեկնածուի մասին: Առաջին եռյակը առաջնորդողն է, կարելի է սրանից դատողություններ անել»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Օգտատերերից մեկին էլ հետաքրքրում էր՝ գողացված պետական փողերը ետ բերելու կոնկրետ քայլեր արվելո՞ւ են: Այդ քայլը, Նիկոլ Փաշինյանն ասում է, դաշինքում շատ են կարեւորում: Նա հիշեցրեց տարեվերջյան քառօրյաներից մեկու խորհրդարան ներկայացրած իր հեղինակած օրենքի նախագիծը, համաձայն որի, ՀՀ անկախությունից ի վեր պաշտոնավարած անձանց գույքային վիճակի մասին հանրությունը պետք է հստակ տեղեկություններ իմանա: Նախագիծն, ի դեպ, չընդունվեց:
«Այստեղ է այդ հարցի բանալին: Եթե եղել է թալան, եղել է պետական պաշտոնյաների ձեռքով: Իմանալով ով ինչ ունի, կիմանանք՝ ով ինչ է գողացել: Առանց այս հարցի լուծման, անհնար է երկիրն առաջ տանել: Ինչ ասում ես՝ ասում են՝ փող չկա: Ինչպե՞ս է պատահել, որ իրենց կառավարած երկիրն աղքատ է, բայց իրենք հարուստ են: Պետք է հասկանանք՝ ինչքանով է արդյունավետ օգտագործվել վեց միլիարդ պետական պարտքը»,- ասաց բանախոսը:
Իսկ հետընտրական գործընթացներին վերաբերվող հարցին ի պատասխան է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք ինքնանպատակ չեն լինելու: Հարցն այսպես հնչեց՝ մյուսների նման դուք է՞լ մարդկանց հավաքելու, երկու հատ ամպագոռգոռ հայտարարություն անեք, հետո՝ ցրեք տներով:
«Եթե մենք փաստեր ունենանք, որ ժողովուրդը մեր օգտին քվեարկել է, ՀՀԿ-ն գողացել է այդ ձայները, կլինի շատ լուրջ հետընտրական պրոցես: Բայց եթե պարզվի՝ ինչ-ինչ պատճառով ժողովուրդը գնացել ՀՀԿ-ին է ընտրել… չի կարելի գնալ եւ ՀՀԿ-ից կաշառք վերցնել, էդ կաշառատուներին ներս եք հրավիրում, սուրճ եք հյուրասիրում, միրգ եք հյուրասիրում, փողը վերցնում գնում ընտրում եք՝ հետո էլ փողոցում մեզ տեսնում ՝ ասում եք՝ դե մի բան արեք: Տվեք մեզ իշխանափոխության մանդատ՝ կստանաք իշխանափոխություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ