Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց սպանված Կարեն Վարդանյանի մտերիմ ընկերը

Փետրվար 24,2017 21:15

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականին դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների» միավորում հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ Կարեն Վարդանյանի մտերիմ ընկեր Ֆիլիպ Արզումանյանը:

Նա պատմեց՝ ինչպիսի անձնավորություն է եղել Կարենը, բնավորության ինչ առանձնահատկություններ է ունեցել, ըստ նրա, Կարենը մարդկանց շատ էր վստահում, սոցիալիստ էր ու շատերին էր օգնում: Հետո անցավ դեպքի հանգամանքներին՝ ինչպես են հայտնաբերել Կարենի անհետանալը:

Նա պատմեց, որ կասկածներն առաջացել են Կարեն Վարդանյանի facebook-ի գրառումից, երբ նրանից լուր չունեին ու հանկարծ facebook-ում հայտնվեց նրա «check in»-ը՝ իբր Դուբայում աշխատանք է գտել. «Դրան չհավատացինք, ոնց կարող էր Կարենն առանց որեւէ մեկին մի բան ասելու, որոշել Դուբայում մնալ ու աշխատել: Կարենի հետ սկսեցի չատով գրել, բայց  Կարենի ոճով չէին պատասխանները, Կարենի ձեռագիրը չէր: Հենց այդ պահից կասկածներս խորացան: Սկսեցի ստուգող հարցեր տալ. Կարենը շատերին էր հայրանունով դիմում ու իր ծանոթների մեծ մասի հայրանունները մտապահում էր: Ես հարցրի՝ այս ինչի հայրանունն ինչ էր, բայց հարցս մնաց անպատասխան, գրեց, թե  wi-fi լավը չէ, կապը լավ չէ, տեղս հարմար չէ, այդպես էլ իմ ստուգող ոչ մի հարցի պատասխան չստացա, ինչից հետո դիմեցի ոստիկանություն»:

Հաջորդ՝ չորրորդ վկան Ռաֆիկ Ավետիսյանն էր: Նա արհեստավոր է ու վերանորոգել էր Գեւորգ Զոհրաբյանի մեքենան, որը Արթուր Միհրանյանը վարձել էր տաքսի ծառայություններ իրականացնելու համար:

Նա պատմեց, որ իր մոտ մեքենան տարել էին ներսի կողմից վերեւի հատվածի պաստառը նորոգելու համար, այն պոկված էր: Ինքը հարցրել է՝ ուր է պաստառը, այն ամբողջությամբ չկա, միայն տակի գուբկան է մնացել, ի պատասխան Արթուրն ասել է, թե պոկվել էր ու խանգարում էր, կպնում էր գլխներին, դրա համար ամբողջությամբ պոկել են: Վկայի պատմելով, այդ օրը Արթուրն ու Գեւորգը պահանջել են նաեւ մեքենայի հետեւի նստատեղին լրացուցիչ պաստառ անցկացնել, ինքը զարմացած հարցրել է՝ ինչու, նորմալ, չվնասված պաստառ է: Ի պատասխան, Արթուրը բացատրել է՝ ապրանք պետք  է տեղափոխեն, պետք է:  Արհեստավորի պատմելով, ինքը նոր պաստառ է անցկացրել, ինչպես իրենից պահանջել են: Դատարանը արհեստավորից հետաքրքրվեց՝  արյան հետքեր չի՞ տեսել նստատեղին, արհեստավորը պնդեց՝ ոչ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի տասնյոթին: Հաջորդ նիստին հարցաքննվելու է Գեւորգ Զոհրաբյանի եղբայրը, այսօր նրա հարցաքննության հերթը չհասավ՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով:

Հիշեցնենք, որ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Գեւորգ Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև նույն անձի հետ խմբի կազմում շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար զրկել կյանքից , որից հետո նույն անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728