Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրառումները կուրության մասին». Երբ իրականությունն ու երևակայականը միաձուլվում են

Փետրվար 24,2017 20:22

Մի շարք գրքեր հեղինակած, կուրության մասին տեսություններ առաջադրած աստվածաբան Ջոն Հուլը, որը նաև դասավանդել է Բերմինհեմի համալսարանում, տեսողությունը կորցնելուց հետո որոշել է աուդիո օրագիր պահել, որտեղ ձայներիզների վրա ձայնագրել է կուրության տարիների ապրումներն ու ամենօրյա կյանքից որոշ հատվածներ:

Այդ մտքերն ու հիշողություններն էլ հիմք են հանդիսացել Փիթեր Միդլտոնի ու Ջեյմս Սփայնիի դեբյուտային վավերագրական ֆիլմի՝ «Գրառումները կուրության մասին»-ի համար, որը ցուցադրվեց բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի վերջին՝ 7-րդ օրը:

Ֆիլմը հետաքրքիր է այնքանով, որ ներկայացվածն այն իրական ձայնագրություններն են, որ արել է հենց ինքը՝ աստվածաբանը:Դրանք այնպիսի հերթականությամբ են դասավորված, որ ստեղծվել է մի ամբողջական պատմություն՝ հիմնված իրական դեպքերի վրա, ապա դրանց համապատասխան նկարահանվել են վիզուալները՝ ձայնագրությունները դոկումենտալ ֆիլմի վերածելով:

Սա բավականին հետաքրքիր տարբերակ է իրականությունն ու երևակայականը միաձուլելու համար:

Ֆիլմի ընթացքում ընդգծվում է աստվածաբանի աշխարհընկալման փոփոխությունը, ձայների հանդեպ զգայուն դառնալը, իրավիճակի հետ համակերպվելու դժվարությունները և հետո, վերջապես, այն ընդունելը:

«Կուրությունը նվեր է: Այն նվերը չէ, որ կցանկանայի, բայց միևնույն է, Աստծուց պարգև է: Խնդիրն այն չէ, թե ինչու է այն ինձ տրվել, այլ այն, թե ինչ եմ պատրաստվում անել դրա հետ»,- ասում է Ջոն Հուլը ձայնագրություններից մեկի մեջ:

Պատմության ողջ ընթացքում Հուլի համար ուրախության պատճառ են հանդիսանում կինն ու երկու երեխաները: Տպավորիչ պահ է կնոջ հետ «The Mamas and the Papas»-ի «Dedicated to the One I Love» երգի ներքո պարելը:

«Գրառումները կուրության մասին»-ը նայելիս կնկատեք,որ ֆիլմում հաճախ ցույց չեն տրվում մարդկանց աչքերը: Երևում է մարդկանց դեմքի կեսը, կամ դեմքը ամբողջությամբ, բայց ոչ աչքերի կադրերի շեշտադրությամբ: Սա խորհրդանշական բնույթ է կրում:

Ջոն Հուլն ինքը ներգրավված է եղել ֆիլմի ստեղծման գործընթացին, բայց մահացել է 2015-ի հուլիսին՝ նախքան ֆիլմի նկարահանման ավարտը:

Ֆիլմն ավարտվում է նրա  մտքերից մեկով. «Ամբողջական մարդասիրության հասնելու համար և՛ կույրերը, և՛ նրանք ովքեր տեսնում են, պիտի տեսնեն իրար»:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728