Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նուշիկյանը չի առաջադրվել, որ բոլորին ապացուցի՝ ԱԺ-ն տանիք չէ գործարար պատգամավորների համար

Փետրվար 24,2017 19:54

ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ինչպես հայտնի է, չի առաջադրվել:

Մենք պարոն Նուշիկյանից հետաքրքրվեցինք՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ԱԺ-ն անհամեմատ ավելի լուրջ լծակներ է ունենալու, ընտրելու է վարչապետ եւ այլն, դա ձեզ չի՞ գայթակղում, որ չեք առաջադրվում եւ չեք ուզում հայտնվել ապագա խորհրդարանում: Նա պատասխանեց. «Որ գայթակղեր՝ ես բնականաբար կլինեի, բայց, դե, դրա գայթակղությունը ո՞րն է»:

Թե ինչու չի ուզում առաջադրվել՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց, որ տարբեր պատճառներ կային դրա համար: Մեր հարցին՝ անձնակա՞ն պատճառներ կային, թե՞ ինչ-որ բան ձեզ չի գոհացրել՝ նա պատասխանեց. «Նաեւ դա: Այս ռեյտինգային մեխանիզմն ինձ այնքան էլ դուր չի գալիս: Մեր երկրի համար, մեր մենթալիտետին, եթե նայենք, կարծում եմ, մի քիչ շուտ է»:

Մեր հարցին՝ ռեյտինգայինն ավելի շատ թաղային հեղինակությունների պայքար է համարվում, դուք համաձա՞յն եք դրա հետ՝ նա պատասխանեց. «Մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանել, ուղղակի պետք է ավելի ուշադիր նայել ռեյտինգային ցուցակները եւ այդ հարցի պատասխանը կգտնեք»:

Համամասնականով ինչո՞ւ չուզեցիք առաջադրվել՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Երեւի թե ես ավելի հետաքրքիր էի ռեյտինգայինով»:

Մեր հարցին՝ այս գումարման ԱԺ-ում եղել են դեպքեր, որ ՀՀԿ-ի նախագծերին Դուք դեմ եք քվեարկել, բայց առանձնապես որեւէ բողոք կամ իշխանությանը հակառակ կարծիք չեք արտահայտել, ի՞նչն է պատճառը, եթե ինչ-որ դժգոհություն ունեիք՝ նախկինում չէ՞իք կարողանում արտահայտել՝ նա պատասխանեց. «Մի քիչ ճիշտ չի, որ երբ դու գտնվում ես մեծամասնության խմբակցության մեջ եւ մեծամասնության առաջադրած օրենքներին դեմ ես արտահայտվում: Ես իմ շատուշատ հարցերի հետ կապված ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում եմ ասում, բարձրացնում: Փոփոխություններ հնարավորինս, ինչքան կարողացել եմ՝ արել եմ: Իսկ դահլիճում ճիշտ չի, համենայնդեպս, ես այդպես եմ համարում»:

Հարցին՝ գործարար պատգամավորներն իրենց բիզնեսի համար տանիք են ման գալիս, դրա համար են մտնում ԱԺ, որ իրենց համար օրենսդրական փոփոխություններով լավ հնարավորություններ ստեղծեն, ԱԺ-ն ձեզ օգնե՞լ է, տանիք եղե՞լ է ձեր բիզնեսում՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես 5-րդ տարին է, որ պատգամավոր եմ, բայց ձեր ասած գործարար շրջանակի ինչ-որ մի օրենք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը բերի եւ փորձի իր շահերից ելնելով՝ առաջ տանի: Դա թյուր կարծիք է ընդհանուր առմամբ: Երեւի թե  պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ ես չառաջադրվեցի, որովհետեւ այդ նույն կարծիքը բնականաբար իմ մասին էլ է ձեւավորված: Ուղղակի ես նաեւ դա հիմք ընդունելով՝ չառաջադրվեցի, որ եւս մեկ անգամ ապացուցեմ, որ դա այդպես չի: Սխալ է, երեւի թե դա ԶԼՄ-ներն են ձեւավորել, ես ինքս նման բան չեմ տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728