Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը՝ գազի վարձի հանելուկի մասին. «Իմ մուծումները ես չեմ կատարում»

Փետրվար 24,2017 19:15

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, նիստի վերջում իր հանձնաժողովի բոլոր անդամներին, կառավարության անդամներին շնորհակալական խոսք ասաց ու մաղթեց քաղաքական դաշտում հաջողություններ. «Ուզում եմ ցանկանալ նաեւ անձնական դաշտում հաջողություններ: Տա Աստված, որ մենք կարողանանք վաղվա մեր ճանապարհը անցնել միասին՝ անկախ ԱԺ-ում լինելու եւ չլինելու հանգամանքից»:

Մենք Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ կարծես հրաժեշտ տայիք՝ դուք չե՞ք լինելու ԱԺ-ում, թե՞ կարծում եք, որ հանձնաժողովի անդամները չեն լինելու ապագա ԱԺ-ում՝ նա պատասխանեց. «Ինչու հրաժեշտի խո՞սք էր դա: Ես հույս հայտնեցի, որ որոշ մասը կլինի ԱԺ-ում, որոշ մասի հետ էլ մենք հետո կշարունակենք արդեն մարդկային արժեքների համադրումը, ոչ թե քաղաքական»:

Ինչ վերաբերում է իրեն՝ Հակոբ Հակոբյանն ասաց, որ եթե առաջադրվել է, պարզ է, որ ինքը նպատակ ունի լինել ապագա ԱԺ-ում, մնացածը ընտրողները պիտի որոշեն:

Մեր հարցին՝ ընդդիմադիրները վստահ են, որ ՀՀԿ-ականներն ընտրվում են միայն ընտրակաշառքի, ընտրակեղծիքի, վարչական ռեսուրսների միջոցով, հակառակ պարագայում ձեզ ոչ մեկը ձայն չի տա, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետեւ ընդդիմադիրները նույն փիլիսոփայությամբ եւ ամպագոռգոռ խոսքերով մոտենում էին Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններին, որտեղ արդյունքները շատ պարզ դարձավ: Մի տեղ՝ 34 տոկոս, մի տեղ՝ 37 տոկոս, եւ ես միշտ ասել եմ, որ ընտրակաշառքի գործոնն ընտրությունների արդյունքի վրա երբեք չի կարող ազդել, որովհետեւ քաղաքացին այժմ գիտակցված ընտրող է եւ ընտրում է նրան, ում ուզում է: Թող մյուսները իրենց այլ գործոնները չհամեմատեն ընտրակաշառքի հետ, փող վերցնելու հետ»:

Պարոն Հակոբյանին նաեւ հարցրեցինք՝ այս օրերին բազմաթիվ ահազանգեր կան, որ հունվարին գազի վճարումներն ավելի շատ են կազմել, քան դեկտեմբերինը՝ չնայած նույն ռեժիմով վառել են, ձեզ, որպես սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ չե՞ն դիմել քաղաքացիներ այս հարցով: Նա պատասխանեց, որ իր ընտրատարածքում է եղել վերջին 10 օրերին ու այնտեղ որեւէ նման բողոք չի լսել. «Ինձ չեն դիմել»: Մեր հարցին՝ անձամբ ձեր ընտանիքում այդ ծախսերը չե՞ն տարբերվում, դուք չե՞ք զգում տարբերություն՝ նա պատասխանեց. «Իմ մուծումները ես չեմ կատարում, ճիշտն ասած, եւ չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728