Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես է մեր առաջնորդը ասել, թե Սեյրան Օհանյանը հանցագործ է

Փետրվար 24,2017 18:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ին նիստ էր գումարել, որի ընթացքում քննվեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների գրանցումը մերժելու մասին դիմումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ դիմումը ստացել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանից, Կարեն Ստեփանյանից, Հասմիկ Քոլանջյանից:

Ըստ դիմումի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պատգամավորության թեկնածությունների առաջադրման վերաբերյալ ցուցակի, «Ժառանգություն» կուսակցությամբ ընդգրկված պատգամավորական թեկնածուների կազմը ներկայացված է անօրինական եւ ենթակա չէ գրանցման:

«Ժառանգություն կուսակցությունը վերջին անգամ համագումար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին, որի ընթացքում ընտրել է «Ժառանգություն» կուսակցության վարչության կազմ: Կուսակցության վարչությունը Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է վարչության նախագահ, Արմեն Մարտիրոսյանին՝ նախագահի տեղակալ, Գայանե Աբասյանին՝ վարչության քարտուղար, Դավիթ Սանասարյանին՝ կուսակցության մամուլի խոսնակ:

Համաձայն կուսակցությունների մասին օրենքի եւ «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության՝ 2016 թվականի հունիսի 28-ին կուսակցությունը դադարել է գործել, քանի որ ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը»,- ասվում է դիմումում:

Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ներկա էր նիստին, նա իր խոսքում ներկայացրեց դիմումի պատճառները. «Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը մեծ արժեք է ներկայացնում, մեր մարզում առավել եւս: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես է մեր առաջնորդը ասել, թե Սեյրան Օհանյանը հանցագործ է, այսինչ նախարարը ազգադավ գործունեություն է իրականացնում»:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 7-ին հանրահավաքի ժամանակ՝ հանրաքվեի հաջորդ օրը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին ասել էր. «Այն մարդը, որ իմ պատկերացմամբ կարող էր դառնալ ՀՀ նախագահ, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված ստի քվեարկության, ու ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ եթե ԿԸՀ-ն բավարարի այս դիմումը, ապա դաշինքը կարող է փլուզվել, Աննա Հակոբյանը ասաց, որ տեղյակ չէր եւ անձնական որեւէ խնդիր չունի, պարզապես ցանկանում է, որպեսզի կուսակցությունը միայնակ մասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց որոշման նախագիծը, որով առաջարկում էր մերժել «Ժառանգության» թեկնածուներին չգրանցելու դիմումը: ԿԸՀ բոլոր 6 անդամները կողմ քվեարկեցին նախագծին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728