Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են ազատ այցելել Հայաստան: Այս որոշումը կարող է նպաստել ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճին. այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում վստահեցրեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նա ասաց, որ ռուսաստանցիների ընդամենը 10 %-ն ունի արտասահմանյան անձնագիր, եւ կան այնպիսի կառույցներ, որոնց աշխատակիցներին արգելված է արտասահման ճամփորդել, դրանք 4 միլիոնից ավելի են. «Այս վիճակագրական տվյալները մեզ համար հնարավորություն են ստեղծում ներքին անձնագրերով Հայաստան ճամփորդելու համար եւ էլ ավելի գրավիչ դարձնելու»:
Ըստ Զեյթունցյանի, անցյալ տարի Ռուսաստանից մեր երկիր է այցելել 453.572 զբոսաշրջիկ, իսկ 2015-ին՝ 443 հազար. «2015 թվականին զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում ենք նկատել արտարժույթի խնդիրների հետ կապված, սակայն մեծ հնարավորություններ կան մի քանի ուղղություններով: Առաջին հերթին մենք որոշ հետազոտություններ ենք անցկացրել՝ ինչո՞ւ է ճանապարհորդում, ինչպե՞ս է ճանապարհորդում ռուս զբոսաշրջիկը: Մեկը՝ զգացմունքային, հետաքրքիր փորձ ունենալու համար, մյուսը՝ հանգստանալու, հատկապես կարճաժամկետ: Այս առումով Հայաստանը ռուս տուրիստի համար հատկապես հետաքրքիր է գաստրոտուրիզմը, քաղաքային կյանքը: Հնարավորությունները շատ են՝ այս տարի շեշտը դրված է կորպորատիվ եւ միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելը, որովհետեւ Հայաստանը թե՛ իր հասանելիությամբ, եւ թե՛ իր մատչելիությամբ շատ գրավիչ է»:
Ասուլիսի մասնակից «ԼՈՌԵ» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գեւորգյանն էլ անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկներին՝ ասաց. «Ռուս զբոսաշրջիկը շատ ցանկալի է ցանկացած երկրի համար, որովհետեւ ռուս զբոսաշրջիկը ծախսող է: Մի հոգեբանություն կա՝ ռուս զբոսաշրջիկը որքան գումար նախատեսում է այցելության համար, մինչեւ վերջին դրամը թողնում է տվյալ երկրում: Մենք ինքներս էլ դա զգացել ենք: Երբ նրանք մտնում են «Արարատ» կոնյակի գործարան, 1-2 հազար դոլարին համարժեք գնումներ են կատարել»:
Կարդացեք նաև
Պարոն Գեւորգյանն ասաց, որ իր «ԼՈՌԵ» կազմակերպության տվյալներով, իրենց միջոցով Հայաստան այցելած զբոսաշրջիկների 20-30%-ը էքստրեմալ՝ արկածային տուրիզմի սիրահարներ են. «Վերջին տարիներին ակտիվ զարգանում է ձմեռային արկածային տուրիզմը: Նրանք ձմռանը տուն չեն գնում, մնում են մեր սարերում: Օրինակ՝ շվեյցարիացի մի 70 տարեկան զբոսաշրջիկ ունեինք, նա ասել է, որ աշխարհի բոլոր սարերում եղել է, իր դահուկներով սահել է, բայց մեր սարերի եւ ձների նման ոչ մի տեղ չի տեսել»:
Ըստ Գեւորգյանի, Հայաստանում մեծ հնարավորություն կա արկածային զբոսաշրջությունը զարգացնելու, սակայն դրա համար մեծ ներդրումներ են հարկավոր, որպեսզի համապատասխան ենթակառուցվածքներ կառուցվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ