Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերպոլից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում

Փետրվար 24,2017 16:43

Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոհարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանումը

Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում:

Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հանձնելու անթույլատրելիությունը: Նույն հիմքերով բացառվում է նաև անձանց միջազգային հետախուզումը: Այդ մասին ուղղակի արձանագրված է նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) Կանոնադրության 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի Հանրապետության կողմից նմանատիպ գործերով (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով հարուցված քրեական գործերով) անձանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալիս դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու նպատակով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը իրազեկելու ուղղությամբ՝ այդ գործերով քրեական հետապնդումների քաղաքական, էթնիկ բնույթի մանրամասն պարզաբանմամբ:

Ինչ վերաբերվում է ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ միջպետական հետախուզում հայտարարելու ընթացակարգերը կարգավորող փաստաթղթերին, ապա դրանցում նման երաշխիքներ նախատեսված չեն:

Կարևորելով ԱՊՀ շրջանակներում ևս էթնիկ և քաղաքական նկատառումներով հետախուզման բացառումը՝ ՀՀ Գլխավոր դատախազի կողմից միջոցներ են ձեռնարկվել ԱՊՀ շրջանակներում անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու ընթացակարգերում նման հիմքերով հետախուզումը բացառող երաշխիքների ամրագրմանն ուղղված աշխատանքներ նախաձեռնելու կապակցությամբ:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728