Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը վիճեց, որ կառավարությունը գողացել է իր նախագիծը. «Հո դուք ստաժոր չեք, առնվազն խնդալու է» (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 15:52

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը վիճեց կառավարության ներկայացուցչի՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի հետ:

Կառավարությունը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտի տնտեսվարողների համար: Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց, որ այս նախագիծը իր առաջարկն է եղել, որին հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը, իսկ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել. «Դաժե տարբերություն չկա, անգամ նախադասություններն են նույնը գրած, սկզբունքային մոտեցումները նույնը գրել են, ընդամենը մի փոփոխություն»:

Ըստ նրա, սա կարելի է նաեւ գրագողություն անվանել. «Հենց նույն հիմնավորումն եմ ես բերած եղել՝ բառացիորեն, որ ՀՀ բյուջեն այս օրենքի շնորհիվ շրջանառությունն ավելացրել է 3.9 մլրդ-ով, աշխատատեղեր է նոր ստեղծվել եւ հանձնաժողովը կառավարության բացասական եզրակացությունը մի կողմ դնելով՝ մտցրեց քառօրյա: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, քառօրյայում անհետացավ կառավարությունը, չտեսանք: Դաժե ես ինքս զանգահարել եմ, որ գտնեմ, նիստերի դահլիճում ինձ տեղեկացրել են, որ էսօր, վաղը կգանք ու չեն եկել, չկան: Այ ձեր հոգուն մեռնեմ, չկա՜ն ու էսօր հայտնվում է կառավարությունը էս թուղթը վերցրած ու ասում է՝ գիտեք, մենք մի լավ բան ենք մտածել, դուք գիտեք սա ինչ էֆեկտներ է տալու, գիտեք ինչ է լինելու: Բա որ լինելու էր՝ ինչի՞ էիք դեմ սրան: Գոնե բարի գտնվեք, ասեք՝ կա այս օրենսդրական նախաձեռնությունը՝ թանաքը դեռ չչորացած, նիստերի օրակարգում ընդգրկված, եկեք համատեղենք, ընդհանուր հայտարարի գանք, քննարկենք:

Ես սա բացարձակապես…ուրիշ բառ չեմ ուզում օգտագործեմ, բայց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում եմ համարում: Առնվազն խնդալու է: Ես պատրաստ եմ հրաժարվել իմ օրենսդրական նախաձեռնությունից, թող իրենք հայտարարեն, որ կառավարությանն է, բայց խնդրում եմ, իրեն հարգող մարդիկ նման բան չեն անում: Հո դուք ստաժոր չեք, կառավարության ներկայացուցիչներ եք, այ ձեր հոգուն մեռնեմ: Ես այլ կերպ չեմ կարող իմ վրդովմունքը արտահայտեմ»:

Գարեգին Նուշիկյանը բորբոքված Քոքոբելյանին հանգստացրեց. «Պարոն Քոքոբելյան, գարուն է գալիս, լավ տրամադրություն ունեցեք»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց, որ օրենսդրական նախաձեռնությունները համատեղվեն: Էմիլ Տարասյանը համաձայնեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հինգ տարի է պատգամավորի աշխատավարձ եք ստանում և չեք? ուզում ձեր գոնե մեկ առաջարկություն որևէ ոլորտում օգտագործվի,թե կարծում եք վարձատրվում եք իշխանություններին քննադատելու համար միայն:

    • Հռիփսիմե says:

      Խաչատուր Քոքոբելյանը դեմ չէր, որ օգտագործվեր, պարզապես դա իր հեղինակած նախագիծն էր, որը կառավարությունը ներկայացնում էր իր անունից, բովանդակային առումով նույնն էր՝ չնչին փոփոխությամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728