Բուն Բարեկենդանը տոնում են Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը:
Բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատումը մեղքերից:
Այս օրերին Երևանում արդեն սկսվել են տոնական միջոցառումները՝ նվիրված Բուն Բարեկենդանին: Ուրախություն, հյուրասիրություն, երգ ու պար, թատերականացված համարներ:
Այս ամենին ականատես եղանք «Երևակ» կրթահամալիրում: Երեխաները աշխուժությամբ մասնակցում էին խաղերին և փորձում էին պահպանել տոնին հատուկ բոլոր կանոնները:
Կրթահամալիրի տնօրեն Աննա Ստեփանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տնօրինությունը փորձել է երեխաների միապաղաղ առօրյան լցնել հետաքրքրությամբ և նրանց սովորեցնել Բուն Բարեկենդանի խորհուրդը: Նա նշեց, որ երեխաներին հանձնարարել էին կարդալ Բուն Բարեկենդանի մասին:
Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառումից ներկաները մասնակցեցին տոնի մաս կազմող ավանդական ուտեստների հյուրասիրությանը:
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ