Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի քննությունը:
Այսօր հարցաքննվեց երկու ոստիկան՝ Սլավիկ Կարապետյանն ու Արա Բաբայանը, հրապարակվեցին տուժողներ Ռուբիկ Առաքելյանի եւ Արարատ Հայրապետյանի ցուցմունքները: Ի դեպ, վերջինս մահացել է, իսկ Ռուբիկ Առաքելյանը դեռ նախաքննության ժամանակ էր հայտնել, որ հեռանում է երկրից, այս պահին էլ Հայաստանում չէ:
Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը միջնորդություն ներկայացրեց՝ իրեն առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, պնդելով, որ իր արարքը չի համապատասխանում սպանության հոդվածին, այլ իր արարքը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելն է, դրա համար պետք է մեղադրանք առաջադրեն:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Գաբրիելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին, ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:
Կարդացեք նաև
Դատարանը Գաբրիելյանի միջնորդությունը թողեց առանց քննության, որովհետեւ այս պահին չի կարող գնահատական տալ ապացույցներին ու մեղադրանք փոփոխել:
Այսօր դատարան չէր ներկայացել երրորդ վկան, որի ծանուցագիրը այս էլ երկրորդ անգամ հետ է վերադառնում, մեղադրող դատախազը պարտավորվեց մյուս նիստին ապահովել այդ վկայի ներկայությունը, ինչից հետո կանցնեն ամբաստանյալների ցուցմունքներին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սամվել Սաֆարյանի, Հակոբ Բոյաջյանի և Գարիկ Բաբախանյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Գարիկ Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի Հանրապետության հրապարակին հարող տարածքում բացահայտ հափշտակել է Արամ Վարդանյանի կողմից շահագործվող` Արարատ Հայրապետյանին պատկանող զգալի չափի` 12.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ