«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում բացահայտեց «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի առաջին կետերից մեկը, այն է՝ հանրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, որոնք վերջին 25 տարում զբաղվել են միջոցների յուրացմամբ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման նախագիծ ժամանակին ԱԺ է ներկայացրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ մերժում ստացել:
«Պաշտոնյաների կողմից յուրացումների բացահայտումը թույլ կտա նաեւ նրանց պատասխանատվության կանչել»,-ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ այդ «ստուգարքն» առաջնահերթ «հանձնելու» են «Ելք»-ի թեկնածուները, քանի որ նման խոսակցություններ են պտտվում նաեւ նրանց անվան շուրջ:
Կարդացեք նաև
Արդյոք կլինե՞ն Սեյրան Օհանյանը կամ Հովիկ Աբրահամյանն այդ մերկացնող ցուցակում, Հարությունյանի խոսքով՝ ցույց կտա ժամանակը:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ափսոսանք հայտնելով, որ նա դուրս մնաց խորհրդարանական ընտրությունների պայքարից, նաեւ ասաց՝ հույս ունեն նրա հետ գործակցել առաջիկայում՝ Երեւանի ավագանու ընտրություններում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ