Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը, որով ՀՀ ճարտարապետների միությունը նախատեսում են վերափոխակերպել եւ դարձնել Ճարտարապետների պալատ:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Պալատը արտոնագրում է ճարտարապետներին եւ պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար: Բովանդակային առումով այն նման է լինելու Փաստաբանների պալատին: Ճարտարապետները պետք է անցնեն վերապատրաստման կուրսեր:
Վարդան Այվազյանը հետաքրքրվեց՝ եթե լիցենզիա են տալիս, պետտուրքը ո՞վ է ստանում՝ պալա՞տը, թե՞ պետությունը: Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ պետությունը:
Կարդացեք նաև
Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց. «Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողներն ի՞նչ ընթացակարգով են արտոնագիր ստանալու»: Նա առաջարկեց, որ համալսարանի շրջանավարտների հետ կապված հեշտացված ընթացակարգ լինի, դա Փաստաբանների պալատի բացթողումն է, այս պալատի դեպքում թող չլինի:
Նարեկ Սարգսյանն ասաց. «Միջին եւ բարձր ռիսկայնության օբյեկտներ պիտի կարողանան նախագծել: Ճարտարապետն ավարտում է բուհը, պետք է ունենա 4-5 տարվա աշխատանքային փորձ, որ դիմի, ստանա առանձին ստեղծագործելու իրավունք: Ցածր ռիսկայնության կատեգորիաներ, օրինակ՝ տաղավարներ, իրավունք ունեն նախագծել առանց դրա»:
Նա ասաց, որ անվտանգության խնդիր կա, անփորձ մարդկանց չպետք է թույլ տալ նախագծել:
Գարեգին Նուշիկյանի խոսքերով՝ այսօր, փաստորեն, չափանիշներ չկան, ով ուզենա՝ նախագծեր կանի ու սահմանափակում չկա: Ենթադրենք, ես շենք եմ կառուցում ու ուզում եմ, որ այն նախագծի իմ բարեկամը, նրան չեն արգելի կառուցել: Համապատասխան պետական մարմինները չե՞ն նայում, կա՞ն նման չափորոշիչներ:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Օրենքներ կան, որ կարգավորում են, բայց, անկեղծ ասած, դա արդյունավետ չի: Անփորձ լինելը շատ մեծ խնդիրներ է առաջացնում»:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ