Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է փետրվարի 21-ի դրությամբ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը:
Ըստ այդմ, նման աշխատանքների թիվը 5-ն է, 3 աշխատանք գրականությունից է, մեկական էլ՝ տնտեսագիտությունից եւ ֆիզմաթ ոլորտից:
Նշենք, որ այս անգամ «խոտանված» աշխատանքների թիվը շատ փոքր է:
Aravot.am-ը կապվեց Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Սիրանուշ Մարգարյանի հետ՝ պարզելու, թե որոնք էին իրենց խորհուրդ վերադարձված դոկտորական աշխատանքի թերությունները:
Կարդացեք նաև
Տիկին Մարգարյանը հավաստիացրեց, որ դրանք զուտ տեխնիկական էին, իսկ թե ում աշխատանքն էր, ձեռնպահ մնաց անուն հայտնել: Նա ասաց, որ իրավասու չէ ապագա դոկտորի անունը բարձրաձայնել:
Ինչ վերաբերում է աշխատանքին, տիկին Մարգարյանը նշեց. «Դոկտորականի հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որոնք մենք մեկ շաբաթվա ընթացքում ուղղել ենք եւ հետ ենք վերադարձրել: Թեկնածուականից որոշ հատվածներ մտել էին դոկտորականի մեջ, եւ խնդիրը միայն դա էր, բայց քանի որ աշխատանքը ծավալի խնդիր չուներ (այն գրեթե կրկնակի էր), մենք այդ 20-30 էջը հանեցինք: Անցյալ շաբաթ խորհրդի նիստ էինք հրավիրել, պաշտպանողը նույնպես ներկա էր: Եվ նախագահողը, եւ ինքը՝ հայցորդը ներկայացրեցին, որ կյանքի եւ ստեղծագործության ամբողջական ժառանգության քննությունն էր, ըստ էության չէր կարող այդ հատվածը չկրկնվել դոկտորական աշխատանքում, բայց մենք որոշեցինք այդ հատվածը հանել: Անցյալ շաբաթ կրկին խորհրդի նիստ հրավիրեցինք, քննարկումը եղավ եւ նոր սեղմագրով ուղարկեցինք ԲՈՀ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ