«Մենք աջակցում ենք տարբեր նախաձեռնությունների եւ երկարաժամկետ ջանքերին՝ Հայաստանում ընտրական գործընթացը բարելավելու համար»,- փետրվարի 24-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ Եվրամիությունը գումարներ է տրամադրել տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, դիտորդների վերապատրաստման եւ այլ միջոցառումների կազմակերպման համար. «Մենք դա չէինք անի, եթե չհավատայինք, որ այս անգամ կարող ենք ընտրությունների ավելի լավ չափանիշներ ունենալ, քան նախկինում: Եվ երբ նայում ենք տարբեր պայմանավորվածությունների կատարմանը, մենք կարող ենք լավատես լինել, քանի որ տեսնում ենք, որ տարբեր շահագրգիռ անձինք անհրաժեշտ քաղաքական կամքն են արտահայտում վստահ լինելու համար, որ Հայաստանում հաջորդ ընտրությունները ավելի լավ մակարդակի վրա լինեն, քան նախկինում: Դա չի նշանակում, որ նրանք կատարյալ են, շատ խնդիրներ կարող են անկանխատեսելի լինեն՝ ի տարբերություն պետության բարի կամքի, բայց ժամանակի ընթացքում մենք լավատեսությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ավելի մեծ վստահություն ունենան եւ պետք է խրախուսվեն մասնակցել քվեարկությանը»:
Պյոտր Սվիտալսկիի խոսքերով՝ ռիսկեր եւ մարտահրավերներ կան, եւ Եվրամիությունը այդ մասին տեղյակ է. «Եվրամիության համար մի քանի կարեւոր կետեր կան, սկսած՝ վարչական ռեսուրսների չարաշահումից, մինչեւ ընտրակաշառքի կանխում: Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունների օրը բոլոր դիտորդները ունենան անհրաժեշտ գործելու ազատություն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ