Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Ղարաբաղի հարցում հստակություն է ուզում, նախքան լիազորությունները կնոջը փոխանցելը. ԶԼՄ-ներ

Փետրվար 24,2017 14:36

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու կապակցությամբ Հայաստանի դժգոհությունը գնալով ավելի ու ավելի արտահայտված բնույթ է ստանում: Պաշտոնական Երևանն արդեն բաց տեքստով է Մոսկվային ներկայացնում իր հավակնությունները: Այս մասին գրում է EADaily պարբերականը՝ «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին. Հայաստանի հատուկ կարծիքն առանց Ղարաբաղի»  վերտառությամբ հոդվածում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային:

«Երևանի փաստարկները հասկանալի են: Ռուս դաշնակցի կողմից Ադրբեջանին զինելը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմանը տանող ուղիղ ճանապարհ է:  Մինչև քառօրյա պատերազմը Մոսկվան Երևանին հանգստացնող հակափաստարկներ էր բերում, թե «ամեն բան վերահսկվում է»: Պարզվեց, սակայն, որ ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ: Ռուսաստանից գնած հարվածային զենքը գործի դրվեց ապրիլյան էսկալացիայի ժամանակ»,- փաստում է հեղինակը:

Հոդվածը, սակայն, հիշեցնում է, որ Բաքուն ռուսական սպառազինություններ գնելու գործընթացը սկսել էր դեռ 2011 թվականից և նշում, որ Հայաստանը բավականին ժամանակ ուներ Ռուսաստանին իր դժգոհությունները հասցնելու համար: «Սակայն, դա սկսեց արվել միայն Ղարաբաղում մարտական քառօրյային հաջորդած մի քանի ամիսների ընթացքում,- նշում է հեղինակը և շարունակում,- խոստովանենք, սակայն, որ հայկական կողմի փաստարկներն առ այն, որ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը սպառնացող ապակառուցողական քայլ է, անհերքելի է: Իրականում տարածաշրջանում ռազմականացման այսպիսի բարձր մակարդակի պայմաններում ուժերի հավասարակշռություն պահպանելը հնարավոր է միայն տեսականորեն»:

Միաժամանակ հեղինակը նշում է, որ Երևանը չպետք է Մոսկվայից սպասի, որ վերջինս ավելի  «կաթոլիկ կլինի, քան Հռոմի պապը»: «Հայաստանին «Իսկանդեր-Է»  օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ մատակարարելուց հետո Բաքուն Ռուսաստանի հետ նոր բանակցություններ է սկսել նոր ռազմական գործարքների հարցով, որոնք կցրեին Ադրբեջանի տագնապը: Այդ բանակցությունները եզրափակիչ փուլ դուրս չեն եկել, սակայն միայն միջկառավարական խորհրդատվությունների փաստն այդ երկու երկրների միջև Հայաստանին տհաճություն է պատճառում»,- պարզաբանում է հեղինակը:

Հեղինակը կարծում է, որ Իլհամ Ալիևի համար Ղարաբաղի հարցում պարզորոշություն մտցնելը կարող է առաջնահերթ դառնալ: «Բաքվում գահաժառանգության  հարցը փաստացի լուծված է: Ալիևի ընտանիքի ընտրած բանաձևը, որի դեպքում բոլոր բարձր պետական պաշտոնները առավելապես մերձեցել են միմյանց բառի բոլոր իմաստներով, Ապշերոնի թերակղզուց ռազմական հռետորաբանության խստացում է խոստանում: Իլհամ Ալիևը Ղարաբաղի հարցում պարզորոշություն մտցնելը առաջնահերթ հարց է դիտարկում նախքան իր լիազորությունները կնոջը փոխանցելը: Ինչպես հայտնի է, Կովկասում ընդունված չէ  ճակատագրական որոշումները կանանց ուսերին թողնել: Ուստի նավթի գների հարաբերական կայունացման և ընդդիմադիրների բոլոր ձայները ճնշելու ֆոնին Իլհամ Ալիևի համար Ղարաբաղի հարցում պարզորոշություն մտցնելը կարող է առաջնահերթ դառնալ: Ներկայիս պայմաններում և տեսանելի ապագայում դա կարող է լինել միայն նոր պատերազմը»,- ասված է հոդվածում:

Հնարավոր պատերազմի թեմային է անդրադարձել «Ռոսբալտը»:

«Հույսերը, որ մյունխենյան հարթակը Ալիև-Սարգսյան, իսկ միգուցե նաև Պուտին  հանդիպման վայր կհանդիսանար, որը կազդեր ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների հետագա զարգացման վրա, չարդարացան: Ադրբեջանը Հայաստանի նման վախենում է պատերազմից, բայց երկուսն էլ պատրաստվում են դրան: ԵԱՀԿ Մինսկի խումբը օճառի փուչիկ դուրս եկավ: Հույսերը, թե Ռուսաստանը ահա-ահա կսկսի կարգավորման փուլային գործընթացը, նույնպես կարծես թե պայթեցին: Բայց պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը, լինելով Եվրասիայում ավելի շատ ազդեցություն ունեցող երկիր, ավելի շատ կտուժի: Չէ՞ որ դա կարևոր տարանցիկ և ածխաջրածնային երկիր է, որտեղ շատ են օտարերկրյա ներդրումները»,- գրում է կայքը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728