Կառավարության առաջարկած փոփոխություններով այլեւս հստակ տարբերակում կմտցվի դատապարտյալի կողմից տուգանքի վճարման «անհնարինություն» եւ «չարամտորեն խուսափել» եզրույթների միջեւ: Հարցն այսօր քննարկվում էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով փոփոխություններն՝ ասաց, որ դատապարտյալը կարող է միջնորդություն ներկայացնել և իր հանդեպ սահմանված տուգանքը փոխարինել հանրային աշխատանքով:
Նախագծում ամրագրվել է, որ տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել տարածքային մարմին, խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:
Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է հակակշիռ մեխանիզմ` դատական նիստի ընթացքում դատարանը տուգանքի վճարման անհնարինությունը և տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքները պարզում է՝ հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը: Այս կարգավորումն ուղղված է նաև դատապարտյալի լսված լինելու իրավունքի իրացմանը:
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չհամաձայնեց կառավարության առաջարկի հետ: Նա գտնում է, որ չի կարելի դատապարտյալի վրա թողնել ապացուցողական ողջ բազան`դա լրացուցիչ ֆինանսական հոգս է, պետք է փաստաբան վարձի: Նա կարծում է, որ դա կարող է պրոբացիայի ծառայությունն անել:
Սուրեն Քրմոյանը մանրամասնեց, որ ծառայությունը փաթեթ է պատրաստում միջնորդության համար, մնացածը թողնում են դատարանի վրա, և, եթե ապացույցները դատապարտված անձի օգտին չլինեն, տուգանքն անմիջապես կփոխարինվի հանրային աշխատանքներով, բայց ավելի ծանր պայմաններով: Նա բերեց եվրոպական երկրների օրինակը, որտեղ, եթե տուգանքը չեն վճարում, կալանքով է փոխվում: Սուրեն Քրմոյանը նաեւ հավելեց, որ ապացուցման բեռը հավասար են բաշխել`նաեւ պրոբացիայի վրա:
«Կոռուպցիայի տեսանկյունից ավելի ճիշտ է, որ դատապարտյալն ինքն ապացուցի»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նախագիծը միաձայն դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ օրակարգ` 24-ժամյա ռեժիմով: Ի դեպ, կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը, որոնք ամբողջությամբ արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը, կքննարկվեն 24-ժամյա ռեժիմով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ