Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ մարդիկ նման բաներ են ասում, մի քիչ ուղեղը պիտի աշխատացնեն». Լևոն Զուրաբյանը՝ Սամվել Բաբայանին

Փետրվար 24,2017 14:18

Նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, քանի որ ընտրատեղամասում կեղծելու հնարավորությունը փոքրացել է, բարձրացվել են ընտրակաշառքի դրույքաչափերը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաստիացրեց, քանի որ տեղամասերում չեն կեղծելու, կես միլիոն ընտրակեղծարարություն խաղից դուրս է լինելու:

Հարցին՝ՀԱԿ-ը կրկին կասկածի տակ դնելո՞ւ է ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով նաև այս դրական փոփոխությունը, պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ կանխավ նման գնահատականներ չեն կարող տալ:

Մյուս հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելո՞ւյթն էր պատճառը, որ ՀԱԿ-ն այդպես էլ դաշինք չկազմեց այլ ուժերի հետ, պարոն Զուրաբյանը պարզաբանեց, թե մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրենք համաձայնություն են տվել ընդդիմադիր մեծ կենտրոնի ստեղծմանը, սակայն մի քանի օր հետո գնացին սեպարատ բանակցություններ ու ստեղծվեցին այլ դաշինքներ (օրինակ՝ «Ելքը») և պարզվեց, որ միասնական ընդդիմադիր մեծ կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ:

Հարցեր հնչեցին Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի մասին, սակայն դրանց Լևոն Զուրաբյանը չպատասխանեց՝ անհետաքրքիր որակելով:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարություններին, թե բացի ՕՐՕ-ից, բոլոր ուժերը տոկոսներ են պայմանավորվել, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Մի հարց տամ նման բան ասողներին. 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որը լուծում էր ռեժիմի վերարտադրման հարց, բոլորը ծլկեցին ու փախան: Ո՞վ մնաց ու կռիվ տվեց, երբ չէր լուծվում աթոռի հարց: Երբ մարդիկ նման բաներ են ասում՝ մի քիչ ուղեղը պիտի աշխատացնեն»

Հիշեցմանը, թե նախորդ անգամ ՀԱԿ-ը խորհրդարան մտավ մարտի 1-ի բացահայտման խոստմամբ և հարցին՝ արդյոք ի՞նչ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ, ու այս անգամ ՀԱԿ-ի ծրագրում կա՞ այդ հարցը, պարոն Զուրաբյանն արձագանքեց՝ հավատաքննությո՞ւն եք իրականացնում: Այնուհետև վստահեցրեց, թե իրենց սկզբունքներից չեն շեղվել. «Մարտի 1-ը կարևորագույն թեստերից մեկն է: ՀԱԿ-ը միակ ուժն է, որ մարտի 1-ն ավանդաբար՝ 2009-ից սկսած վերածել է հիշատակի օրվա և ամբողջ մեր հասարակությանը ամեն տարի հրավիրում է Ազատության հրապարակ, որ իշխանությանը ցույց տա, թե մարտի 1-ի արյունը չի մարսվելու, որ ամեն ինչ անելու ենք ժողովրդավարության ապահովման համար»:Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ին ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն կազմակերպում են ավանդական մարտիմեկյան հավաքը:

Դառնալով իրենց կատարած աշխատանքներին՝ հայտնեց, որ մարտի 1-ի զոհերի ծնողների իրավունքների ոտնահարման համար դիմել են Եվրոպական դատարան, ԱԺ-ում են բարձրացրել այդ հարցը, մասնավորապես մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցման խնդիրը, ինքը ԵԽԽՎ-ում յոթից ավելի ելույթ է ունեցել այս թեմայով և այլն:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այսօր ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, օրինակ՝ Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը: Դառնալով «Սասնա ծռեր» խմբին՝ ասաց. «Միշտ ասել ենք, որ մենք զինված ապստամբության կողմնակից չենք»:

Անդրադառնալով այն շահարկումներին, թե ՀԱԿ-ը համագործակցում է իշխանության հետ, նշեց, որ իշխանության համար սկզբունքային հարցերում իրենք «դեմ» են քվեարկել. «Ո՞նց եղավ, որ միայն Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ-ը դեմ քվեարկեցին 1000 դրամների նախագծին»:

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին կտեսնե՞նք հարթակում, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ դետալները դեռ մշակված չեն, բայց որ նա քարոզարշավին կմասնակցի, ես չեմ կասկածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728