Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան՝ ՕՐՕ դաշինքի թեկնածու. «Ենթադրում եմ, որ սա Շիրակի մարզպետին դուր չի գա»

Փետրվար 24,2017 13:25

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը բժշկական գիտությունների թեկնածու է, աշխատանքային հարուստ կենսագրություն ունի և որին Շիրակի մարզպետարան 2010 թվականին աշխատանքի հրավիրեց նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարկանիշային թեկնածուներից մեկն է։

Ի դեպ, այս փաստին մեր ուշադրությունը սևեռեց Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ կատակելով, թե «տեսնո՞ւմ եք ինչքան դեմոկրատ մարդ եմ, մարզպետարանի պաշտոնյաները տարբեր կուսակցություններով ու դաշինքներով առաջադրվում են»։

Հառիճ գյուղի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը սկսել է իր կարիերան որպես ՀՀ ներքին գործերի նախարարության կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ, այնուհետ այս նույն գերատեսչությունում աշխատել որպես գլխավոր վիրաբույժ, դարձել ՀՀ ներքին գործերի նախարարության հոսպիտալի պետ, միաժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության բուժծառայության վարչության պետ։ Եղել է նաև ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական ծառայության պետ, ՀՀ պաշտպանության նախարարության բանակի գլխավոր վիրաբույժ։ Իսկ 2010 թվականին, երբ Աշոտ Գիզիրյանը նրան բերեց Շիրակի մարզպետարան՝ վերջինս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ինչևէ, Aravot.am-ը զրուցեց թեկնածուի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է միացել «ՕՐՕ» դաշինքին, մի՞թե պատճառը Սեյրան Օհանյանի հետ ունեցած ծանոթությունը, ժամանակին նրա հետ ճանապարհ անցնե՞լն է։ Վերջինս ասաց, որ ինքն առաջարկ է ստացել այս դաշինքից ու համաձայնել է դառնալ վարկանիշային թեկնածու։ «Այո, Սեյրան Օհանյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էր, երբ ես աշխատում էի, սակայն ես մյուս նախարարների հետ էլ եմ աշխատել։ Ասեմ, որ հատուկ ճանաչողության հիմքի վրա չէ իմ առաջադրումը, այլ կապված է երկրում ստեղծված իրավիճակի հետ»։

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ ի նկատի ունեք երկրում ստեղծված իրավիճակ ասելով, այսինքն՝ մեր երկրին առողջացո՞ւմ է պետք, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես չօգտագործեցի առողջացում բառը, առողջացմամբ թող զբաղվեն բժիշկները, դա նրանց պարտականությունն է, ես ասում եմ երկրին փոփոխություն է պետք»։

Մեր հաջորդ հարցին՝ իսկ ինչպե՞ս վերաբերեց Շիրակի դաշնակցական մարզպետը ձեր «ՕՐՕ» դաշինքին միանալուն, ի՞նչ եք կարծում, դա դուր կգա՞ նրան, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես այս թեմայով չեմ զրուցել մարզպետի հետ, բայց ենթադրում եմ, որ նա լավ չպիտի ընդունի»։

Նշենք, որ օգոստոսի 10-ին կլրանա Հովհաննես Հովհաննիսյանի 66 տարին, նա որպես քաղծառայող թոշակի անցած պիտի լիներ, սակայն մարզպետն իրավունք ունի մեկ տարի ևս երկարացնելու նրա հետ աշխատանքային պայմանագիրը, որը և արել է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728