«Ժողովուրդ ջան, այն, որ դուք ընտրում եք ձեր թաղի լավ տղային՝ թեկուզ ՀՀԿ-ից, դեռ չի նշանակում, որ նա անպայման հայտնվելու է խորհրդարանում, դրանով ուղղակի ապահովում եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև հորդորեց, որ ընտրություն կատարելիս քաղաքացին ուշադրություն դարձնի կուսակցությանը՝ արդյոք այդ ուժին ուզո՞ւմ է տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ:
Արմեն Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ ցուցակները ոչ միայն տարածքային են, այլև թաղային: Պարոն Մարտիրոսյանն օրինակ բերեց. «Արաբկիրում թիրախավորվել է Արտակ Սարգսյանը, Աջափնյակում Արման Սահակյանը, Դավթաշենում Արթուր Գևորգյանը և այլք: Ավելին, Արման Սահակյանին զուգահեռ Աջափնյակում կա ևս մեկ ՀՀԿ-ական թեկնածու, որը ևս ձայներ է ապահովելու Հանրապետականի համար: Դուրս է գալիս, որ մարդիկ նույնիսկ իրենց թաղի ձայներն ապահովելու համար մտել են խաղի մեջ»:
Անդրադառնալով ընտրակաշառքի տարածվածությանը և ստացվող ահազանգերին՝ պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ քաղաքացին, անգամ ընտրակաշառք վերցնելուց հետո հնարավորություն ունի իր սեփական ընտրությունը կատարել. «Նախորդ ընտրություններին եղել են դեպքեր, որ քաղաքացիները, իհարկե, սխալ վարվելով, վերցրել են ընտրակաշառք, բայց գնացել ու ճիշտ ընտրություն են կատարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ