Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կյանք է, կարող է ես էլ վաղը թողնեմ, գնամ, բայց դեռևս համբերում եմ, պայքարում եմ». «Իրատես»

Փետրվար 24,2017 12:21

«Իրատեսը» զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, որն ՕՐՕ դաշինքի երկրորդ հորիզոնականում է։

– Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ մեկ սխալը չէ՞ր, որ իր թիմի կայացած անդամներին ակտիվ քաղաքական ամբիոնից հեռացրեց։

– Չէի ասեի, թե թիվ մեկ սխալն էր, որովհետև պետք է հասկանայինք, որ այդ ժամանակ նա պատրաստվում էր նախագահական ընտրություններին և ավելի ուժեղացված պետք է գնար։

– Ստացվեց հակառակը։

– Դե, ստացվեց այն, ինչ ստացվեց։ Քաղաքական առումով հարկավոր էր ուժերի համախմբում ցույց տալ նախագահական ընտրություններին գնալուց առաջ։

Այստեղ կա մեկ հանգամանք, որը չպետք է շրջանցել։ Ձեր նշած կայացած թիմի անդամներին չէ՞ որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը բերեց խորհրդարան։ Ես շատ լավ հիշում եմ՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ժառանգությունն» ուներ ընդամենը 2 տոկոս ճանաչելիություն։ Իսկ պարոն Հովհաննիսյանն ուներ շուրջ 90 տոկոս ճանաչելիություն, որից 70-ը նրա վարկանիշն էր, այսինքն, այդքան մարդ կքվեարկեր նրա օգտին։

Այն ժամանակ մեր խնդիրն էր Հովհաննիսյանի անունը «Ժառանգության» հետ կապելը, նույնիսկ քննարկում էինք «Րաֆֆի Հովհաննիսյան» կամ «Րաֆֆի» դաշինք ստեղծելու տարբերակները, մինչև «Ժառանգությունը» մենակ մնաց բանակցությունների սեղանի մոտ։

Բոլոր գործընկերները, որոնք չշարունակեցին մեզ հետ ճանապարհը, խորհրդարան չմտան։ Ասել է՝ եթե ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ մարդիկ քաղաքական ճանաչում, իրացվելու հնարավորություն են ձեռք բերել, կարելի էր ինչ-որ ժամանակահատված մեղմ վերաբերվել այդ վիճահարույց որոշմանը և շարունակել մեր պայքարը։

Բայց եղավ այն, ինչ եղավ, ինչն ինձ համար ցավալի է, որովհետև մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, կուսակցությունը նրանց վրա մեծ ներդրում է արել, որ այդ մարդիկ պատգամավոր ընտրվեն, կայանան։

– Ինչ-որ առումով մեղադրա՞նք կա կուսակցությունից հեռացողների հասցեին, որ եկան կայացան, թողեցին գնացին։

– Բացարձակ չեմ մեղադրում, կյանք է, իրենք իրենց խղճի հետ։ Պարզապես փաստն եմ արձանագրում։ Միակ մարդուն, որ հանրային մեծ ճանաչում ուներ, Լարիսա Ալավերդյանին, ոչինչ ասել չեմ կարող, իսկ մնացածի դեպքում ես դատավոր չեմ, որ մեղադրեմ։ Կյանք է, կարող է ես էլ վաղը թողնեմ, գնամ, բայց դեռևս համբերում եմ, պայքարում եմ, թիմակիցներից չեմ հեռանում։

Ակնհայտ է, որ այն ներդրումը, որ նաև ինձ վրա է արվել, պետք է կուսակցության համար «եկամուտ» ապահովեր։ Իսկ երբ մարդիկ այդ «եկամուտը» չեն ապահովում, կուսակցությունը ստիպված այլ մարդկանց վրա է ներդրումներ անում, հանրային դեմքեր ստեղծում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728