2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Եվ ահա 2017 թվականի փետրվարի 9-ին այս աղմկահարույց գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ ինչպես պարզեցինք՝ գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ։
Նկատենք, որ գործով կալանավորված բոլոր անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել։ Սակայն քննության ընթացքում գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Մասնավորապես պարզեցինք, որ բացի «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանից, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանից, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանից եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանից՝ գործով եւս մեկ անձ է ներգրավվել որպես մեղադրյալ։ Վերջինս քաղաքացի Էդգար Պետրոսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու համար հաշվառված լինելով միջազգային բուքմեյքերական համացանցային տարբեր կայքերում, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով Ռուբեն Առուշանյանի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի հետ։
Սակայն նկատենք, որ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել այս գործով մեկ մեղադրյալի գործը առանձին քննել եւ ուղարկել դատարան։ Վերջինս «Ուլիս 2» ակումբի մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանն է։ Բանն այն է, որ ԱԱԾ-ն նախաքննության ընթացքում վերջինիս ճանաչել է անմեղսունակ, ուստի չի բացառվում, որ այս հանգամանքով պայմանավորված նրա մասով հարուցված քրեական գործը մյուս մեղադրյալների գործից առանձին է քննվելու։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում