-Պարոն Նահապետյան, նախ խոսենք հանդիպումների մասին: Ի՞նչ տպավորություններ ունեք «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի ելույթներից:
-Քանի որ առաջին անգամ էինք մասնակցում սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը, ելնելով արդյունքներից կարող եմ ասել , որ մեր ելույթները գնահատում եմ շատ լավ:
-Հանդիպումների մեկնարկը հաջող դասավորվեց մեզ համար: Մեր տղաները կարողացան հավասար պայքար մղել և ոչ–ոքի խաղալ խմբի ֆավորիտ Իրանի հավաքականի դեմ: Համարու՞մ եք, որ մեր հավաքականը շանսեր ուներ խաղն ավարտելու իր օգտին:
-Համոզված եմ, որ կարող էինք հաղթել, ունեինք պահեր, որ չստացվեց ճիշտ օգտագործել, իսկ մրցակցին ոչնչով չէինք զիջում:
-«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը գրանցեց երկու հաղթանակ, 1 ոչ–ոքի և ընդամենը 1 պարտություն: Ւ՞նչը չստացվեց Հունգարիայի դեմ պայքարում:
-Թող չհնչի որպես արդարացում, բայց մեզ հիմնականում չբավարարեց ուժերը վերականգնելու պրոցեսը, քանի որ, ինչպես տեղյակ եք, մենք մեկ օրվա ընթացքում երկուական հանդիպումներ էինք անցկացնում: Խաղի ընթացքը ևս այնքան հաջող չդասավորվեց մեզ համար՝ եղան շատ տուգանայիններ, դեղին քարտեր, մեկ կարմիր քարտ , տղաները սկսեցին շտապողականություն ցուցաբերել և այլն:
-Ինչպես գիտենք, խմբային փուլն ավարտելուց հետո պետք է տեղի ունենար Հայաստան–Ադրբեջան հանդիպումը 5-6-րդ տեղերի համար, բայց Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղին մասնակցելուց: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք և ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին:
-Արդո՞ք բարձր եք գնահատում « Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի պատրաստվածության մակարդակը:
-Գնահատում եմ բավարար, քանի որ բավականին տեղ ունենք աշխատելու և անպայման շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք:
-«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը դեռ նոր է կազմավորվել: Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում հավաքականի հետ կապված:
-Ծրագրում ենք ավելի հաճախականացնել մարզումները, աշխատել բացթողումների վրա, շտկել թերությունները: Մեծ աշխատանք ունենք կատարելու:
-Վերջին տարիներին մեր ֆուտզալում բավականին առաջընթաց կա: Ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք էլ ավելի հաջող հանդես գալ և կայուն կերպով հաղթահարել ֆուտզալի միջազգային առաջնությունների նախնական փուլերը:
-Կցանկանամ նշել, որ ֆուտզալն արդեն ճիշտ ուղու վրա է Հայաստանում, ինչն արդեն շատ կարևոր է: Այսօր մենք արդեն ունենք լուրջ մասնագետներ, ովքեր անում են հնարավորինը ֆուտզալի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար, ինչի վառ ապացույցը « Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարերի կազմակերպումն է թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որոնց մասնակից թիմերի քանակը գնալով ավելի է աճում, ինչը շատ ողջունելի է:
Օգտագործելով առիթը, « Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի ողջ կազմի անունից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն Ռ. Նազարեթյանին մեզ հնարավորություն ընձեռելու համար հանդես գալու Իրանում: Վստահ եմ, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ:
Շնորհակալություն նաև սոցցանցերում, կայքերում լուսաբանման ու տպավորություններով կիսվելու , ինչպես նաև մեր կողքին լինելու համար: Այդ ամենը մեզ շատ էր քաջալերում:
Նյութը պատրաստեց Աննա Էքիզյանը: