Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Չպետք է վախենալ ընդդիմադիր դաշտում մեկը մյուսին քննադատելուց». «Հայոց աշխարհ»

Փետրվար 24,2017 11:25

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ, այժմ՝ վարչության անդամ, «Ելք» դաշինքի ցուցակի 9-րդ հորիզոնականն զբաղեցնող ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ համաձայն չէ, թե իրենք ծառայություն են մատուցում իշխանություններին՝ քննադատելով ընդդիմադիր դաշտում գործող մյուս ուժերին։

-Մեր քննադատության հիմնական թիրախը իշխանությունների վարած քաղաքականությունն է, բայց եթե քննադատում ենք իշխանություններին, խոսում ենք իշխանափոխության մասին, պետք է նաեւ հստակեցնենք՝ ով ով է, ինչ խնդիր է փորձում լուծել՝ դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում, որ կուսակցությունները կամ դաշինքներն են ներդրված իշխանությունների կողմից՝ լղոզելու ընդդիմադիր դաշտը, շեղելու հանրային կարծիքը իրական փոփոխությունների ձգտող ուժերից եւ ձայներ կորզելու ընդդիմադիր ընտրազանգվածից։

Դրա համար էլ ասում ենք՝ չպետք է վախենալ ընդդիմադիր դաշտում մեկը մյուսին քննադատելուց, որովհետեւ եթե ընդդիմադիր դաշտը լղոզված է՝ լուրջ փոփոխություն չենք կարող ունենալ քաղաքական գործընթացում։

-Չի՞ ստացվում, որ փորձում եք ինքնահաստատվել՝ դուրս մղելով մյուսներին եւ ձեզանով անել ամբողջ ընդդիմադիր դաշտը։

-Նման նպատակ մեր առջեւ չենք դնում։ Ուղղակի փորձում ենք հուսալի գործընկերներ գտնել, հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք։ Ի վերջո, կարող է գալ մի պահ, երբ անհրաժեշտ լինի միավորել ընդդիմադիր դաշտը։ Պետք է իմանանք՝ ումից ինչ սպասել։
Արդեն գիտենք՝ «Ծառուկյան դաշինքը» ինչ դիրքավորում ունի, ինչ դիրքավորում ունեն Դաշնակցությունը եւ «Հայկական վերածնունդը», մի քիչ ավելի վատ գիտենք, թե նորաստեղծ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ինչ նպատակադրումով է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։ Քննադատությունը նաեւ նրա համար է, որ հետագայում փաստի առաջ չկանգնենք։

-Ներկա դրությամբ Դուք ունե՞ք վարչական, ֆինանսական եւ այլ ռեսուրսների չարաշահման կոնկրետ փաստեր, որ կարող եք դնել ԿԸՀ սեղանին։

-Քննադատությունը պետք է հիմնավոր լինի՝ փաստացի հենք ունենա։ Դա կարեւոր է, որովհետեւ ընդդիմության նկատմամբ ավանդական անվստահությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ընդդիմությունը հետեւողական չի եղել այդ հարցերում, չի փորձել իր ասածները հիմնավորել առարկայական փաստերով ու փաստարկներով։
Մենք ընտրացուցակներում հաշվառված անձանց զանգվածային տեղաշարժերի հետ կապված գործընթաց ենք սկսել, եւ երեկ ստացել ենք տվյալներ անձնագրային վարչությունից, որոնցից հետեւում է, որ հունվարի 10-ից փետրվարի 10-ը ավելի քան 7000 մարդ փոխել է հաշվառման հասցեն։ Սա չի կարող մտահոգության տեղիք չտալ, որովհետեւ գալիս է հաստատելու մամուլում շրջանառվող լուրերը, թե տարբեր թեկնածուներ իրենց ընկերությունների աշխատակիցներին տեղափոխում են իրենց ընտրատարածք, որպեսզի լրացուցիչ ձայներ ապահովեն իրենց համար։ Մենք ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ՝ փորձելու ենք վեր հանել այդ խնդիրները։
Ամեն դեպքում՝ փորձելու ենք համապատասխան փաստեր ձեռք բերել, կանգնել մարդկանց կողքին, ոգեւորել, դուխ տալ, որ չընկճվեն, տեղի չտան ճնշումներին եւ քվեարկեն իրենց խղճի մտոք։ Իհարկե, դա այնքան էլ հեշտ չէ՝ նկատի ունենալով, որ ընդդիմությունը մարդկային ռեսուրսների տեսակետից այնքան հարուստ չէ, ինչքան իշխանությունը, իսկ անընդհատ մարդկանց կողքին լինելու համար անհրաժեշտ են լրացուցիչ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ։

 

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728