Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Երբ մարդիկ համախմբվում են, որ սողալով ԱԺ հասնեն, այս թիմում նրանց համար տեղ չկա». «Հայկական ժամանակ»

Փետրվար 24,2017 11:14

Հարցազրույց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ

– Դուք հիմա օգնում եք պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանին, որի պաշտոնավարման ժամանակ՝ ապրիլյան պատերազմին հայկական կողմը հողեր ու դիրքեր կորցրեց, եւ այն մարդուն, որը ոչ վաղ անցյալում ձեզ «չարիք» էր համարել։

– Նախ, ԼՂՀ տարածքի այդ կորստի պատասխանատուն ԼՂՀ բանակի հրամանատարն է, ՀՀ պաշտպանության նախարարը երբեւէ ԼՂՀ-ում դիրք կորցնելու համար պատասխանատվություն չի կրել թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո։ Շեշտադրումները պետք է ճիշտ անել։

Իսկ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը միայն քաղաքականություն իրականացնողն է, Գլխավոր շտաբն է բոլոր գործողությունների պատասխանատուն։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինձ չարիք կամ բարիք են անվանել, ես անձնական խնդիրներ չեմ լուծում։ Այս մարդիկ, որոնք այսօր միավորվել են, հասարակության մեջ ունեն բարի համբավ, անձեր են, որոնք ունակ են լսելու, քննարկելու եւ որոշում կայացնելու։ Դրա համար այսօր ես նրանց կողքին եմ։

Բացի այդ, մի մոռացեք, որ Ս. Օհանյանը դեռ 90-ականներին ծառայել է Ղարաբաղում. վիրավորվել է, 6 ամիս հետո այդ վիճակում վերադարձել է առաջին գիծ, ես եմ նրան այնտեղ ուղարկել։ Նա կռվել է, եւ ոչ թե աշխատասենյակում նստել։ Դա ինձ համար բավարար է, ես չեմ կարող դա մոռանալ, ու հիշել, թե նա մի օր մի տեղ ինչ-որ հայտարարություն է արել։ Անսխալ մարդ չի լինում։

– Սկզբում Ս. Օհանյանի շուրջ համախմբվելու համաձայնագիր ստորագրեցին Վ. Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Գ. Սարգսյանը։ Այնուհետեւ դուք մտաք խաղի մեջ, Ր. Հովհաննիսյանը միացավ, ու առաջին երկուսին դուրս մղեցիք։ Ինչո՞ւ։

– Սկզբից էլ ես այդ խաղի մեջ եղել եմ եւ իմ պարտքն եմ համարել օգնել այն ուժերին, որոնք կհամախմբվեն ինչ-որ գաղափարների շուրջ։ Բայց երբ մարդիկ համախմբվում են, որ սողալով ԱԺ հասնեն, այս թիմում նրանց համար տեղ չկա։ Միգուցե վիրավորական է, բայց դա փաստ է։ Ես ապացուցեցի, որ այդ ցուցակը սեւագիր է եղել, որովհետեւ հրապարակվածն ու իր ձեռքի ցուցակը միմյանց հետ կապ չունեն։

– Իսկ ավելի վաղ դուք աջակցում էիք Արտաշես Գեղամյանին ու Հայկ Բաբուխանյանին, որոնք հիմա ջերմեռանդորեն պաշտպանում են ձեր կողմից քննադատվող իշխանություններին։

– Նրանք ինձ դաշնակից չեն եղել երբեւէ։ 1999թ. աջակցել եմ նրանց ստեղծելու մի բեւեռ, որ ԱԺ-ում բազմաբեւեռություն ունենանք։ Մարդիկ չեն դիմացել գայթակղությանը, պաշտոններ են առաջարկել նրանց, կերակրատաշտին մոտեցել են, ու նրանք տեղափոխվել են։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728