Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսօր կարգախոսը անվտանգությունն ու առաջընթացն է՝ նշանակում է, որ 10 տարի շարունակ չի եղել ոչ «առաջ գնացող» Հայաստան և ոչ էլ ապահով Հայաստան. «Ժամանակ»

Փետրվար 24,2017 10:42

Հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Գրավիչ կարգախոս է իհարկե, և կարող է զարդարել ցանկացած պետության ցանկացած ընտրություններ, ցանկացած կուսակցության անունից: Սակայն, ո՛չ Հայաստանի և ո՛չ ՀՀԿ-ի դեպքում: Որովհետև, Հայաստանում ՀՀԿ-ի դեպքում դա ոչ թե կարգախոս է, այլ պարզապես խոստովանություն՝ սեփական կառավարման տապալման խոստովանություն: «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով ընտրությունների է մասնակցում մի կուսակցություն, որը նախորդ համապետական ընտրություններին մասնակցում էր «Առաջ, Հայաստան», «Ապահով Հայաստան» կարգախոսներով: Եվ եթե այսօր կարգախոսը անվտանգությունն ու առաջընթացն է, դա պարզապես նշանակում է, որ տասը տարի շարունակ չի եղել ոչ «առաջ գնացող» Հայաստան և ոչ էլ ապահով Հայաստան, հակառակ դեպքում տասը տարի հետո այդ կարգախոսներով կառավարած կուսակցության նախընտրական կարգախոսը կլիներ բացարձակապես այլ բնույթի և միտված կլիներ բոլորովին այլ թիրախների, քան անվտանգությունն ու առաջընթացը:

Բանն այն է, որ թե՛ անվտանգությունը և թե՛ առաջընթացը Հայաստանի Հանրապետության համար ոչ թե նախընտրական կարգախոս, այլ ուղղակի սովորական առօրյա, կենսակերպ, պարզ իրողություն պետք է լինեին արդեն վաղուց, ըստ էության անկախ պետականության ողջ ընթացքում, որովհետև պատերազմն ու Արցախի հակամարտությունը Հայաստանը բոլորովին վերջերս չէ, որ ստացել է, այլ ունեցել է անկախության հենց սկզբից: Եվ անվտանգության ու առաջընթացի համար պատասխանատու պետք է լիներ այն քաղաքական ուժը, որը իշխանություն է այլևս առնվազն 19 տարի և որի ղեկավարն էլ հանրապետության նախագահն է արդեն 9 տարի, իսկ մինչ այդ եղել է վարչապետ և զբաղեցրել այլ բարձրաստիճան պաշտոններ: Անվտանգությունն ու առաջընթացն այդ ուժը պետք է իրականություն դարձրած լիներ շատ վաղուց, բայց նախընտրական կարգախոս է դարձնում այսօր՝ անկախությունից 25 տարի անց: Բայց նաև պարզ է, թե ինչու:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728