Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի երախտավորները մոռացության են մատնված

Փետրվար 24,2017 13:30

Ի՞նչ են մտածում թատրոններն ու թատերագետներն այն մասին, որ ոչ այնքան վաղ անցյալում, տասնամյակներ շարունակ հայ թատերական աշխարհի դիմագիծն ամբողջացնող մեծերը՝ Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը մոռացության են մատնվում եւ հնարավոր է նաեւ, որ շուտով, կամաց-կամաց, աննկատ, կարող են ջնջվել հանրության հիշողությունից։ Կարծում եմ՝ առաջին պատասխանը, որ Ձեր մտքին կգա, հարգելի թատերագետներ եւ թատրոններում գործող սիրելի արվեստագետներ, դա Սոս Սարգսյանի եւ Մհեր Մկրտչյանի անունները կրող թատրոնների գոյությունն ու Ստեփանավան եւ Գյումրի քաղաքներում կանգնեցված նրանց արձաններն են։ Ի դեպ, հայ բեմի հսկա Խորեն Աբրահամյանը դեռեւս ոչ արձան ունի, ոչ էլ իր անվամբ՝ թատրոն։ Պետք չէ այս հարցում պետության մեղքը փնտրել, որովհետեւ այն չեք գտնի։ Մեղքը Ձերն է՝ այն թատրոններինը, որտեղ ստեղծագործել են եւ որոնց կյանք են տվել անվանի արվեստագետները, եւ, իհարկե՝ թատերագետներինը, որոնք կոչված են նման հարցերին հոգատար վերաբերմունք ցուցաբերելու։

Ինձ շատ է հետաքրքրում՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան Համազգային եւ Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում տեղյա՞կ են, արդյոք, որ գոյություն ունեն պիեսներ՝ նվիրված այս արվեստագետներին։ Եվ, եթե Սոս Սարգսյանին եւ Խորեն Աբրահամյանին նվիրված են երկուական պիես, ապա Մ. Մկրտչյանին նվիրված է կատակերգությունների մի ամբողջ ժողովածու։ Սրանք գրվել են վարպետների խնդրանքով։

2014 թվականը հոբելյանական էր Ս. Սարգսյանի, իսկ 2015 թվականը՝ Մ. Մկրտչյանի ու Խ. Աբրահամյանի համար։ Եվ ի՞նչ արեցին թատրոններն ու թատերագետները՝ ոչինչ։ Երեւի մեր հարգարժան սունդուկյանցիներն արդեն մոռացել են, թե ոչ վաղ անցյալում ով է եղել իրենց համար Խորեն Աբրահամյանը։ Իսկ հիմա՞, ի՞նչ, գնաց, ազատվեցի՞ք, էլ հիշելու եւ հանրությանը հիշեցնելու բան չի՞ մնացել։ Համազգային թատրոնի աշխատակիցները Ս. Սարգսյանին են պարտական ոչ միայն այդ թատրոնի գոյության համար, այլեւ իրենց զբաղեցրած դիրքի, որովհետեւ տնօրենից մինչեւ դերասան Սոս Սարգսյանի սաներն են, եւ ինչո՞ւ միայն համազգայինցիները, Սունդուկյանի անվան թատրոնի կորիզն էլ ուսանել է Սոս Սարգսյանի ու Մհեր Մկրտչյանի արվեստանոցներում։ Այդ նշանավոր արվեստագետները ուղենիշ էին ոչ միայն իրենց սաների, այլեւ՝ թատերաշխսրհի այն ներկայացուցիչների համար, որոնք հնարավորություն են ունեցել վայելելու նրանց երանելի մակարդակը։

Իսկական ժամանակն է բե՛մ հանելու այն պիեսները, որոնք հանրությանը, եւ, ինչու ոչ՝ նաեւ Ձեզ, կհիշեցնեն վարպետներին ու վառ կպահեն նրանց հիշատակը։ Իսկ ինչ վերաբերում է Խորեն Աբրահամյանի արձանն ունենալուն, ապա վստահ եմ, որ եթե թատերագետները կամ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը նախաձեռնություն ցուցաբերեն, չպետք է կասկածել, որ պետությունը եւս պատրաստակամ կլինի իր երախտիքը, գնահատանքը եւ շնորհակալությունն այդկերպ հայտնել նշանավոր հային՝ Խորհրդային միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանին։ Նրա անունով թատրոն հիմնելը պետք է վստահել այն սերնդին, որը նոր է դուրս գալիս Թատրոնի եւ կինոյի ինստիտուտից, որ մուտք գործի թատերական աշխարհ։

 

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Շատ լավ էլ հիշում են. երգ երգոց դիտեք կամ ինտերնետ մտեք….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728