Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ

Փետրվար 24,2017 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասուներեքերորդ

ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ

Եվ Ֆրունզիկն արդարանալով ասաց՝ «հենց ազատ ժամանակ ունեցա, Փափազի գրքերը լրիվ կարդալու եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի ամիս առաջ եմ էդ մի քանի էջը կարդացել, բայց մինչեւ հիմա դրանց տպավորության տակ եմ», եւ Ֆելոն ասաց՝ «ես էլ եմ կարդալու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հենց ձեռս փող ընկնի, առնելու եմ՝ կարդամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ուստա Հակոբն ունի, բայց չի տալիս կարդամ», եւ հայրս արդարանալով  ասաց՝ «ես ընդհանրապես ոչ ոքի գիրք չեմ տալիս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի քանի անգամ տվել եմ՝ հետ չեմ ստացել», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «գրքի գողը գող չի», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «էդ Լենինն ա՞ ասել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ ով ա ասել, բայց շատ ճիշտ ա ասել», եւ հայրս ասաց՝ «չգիտեմ ով ա ասել, բայց շատ սխալ ա ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գրքի գողն էլ ա գող», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «բայց գրքի գողը զակոննի գող չի», եւ Ֆելոն ասաց՝ «հենց ձեռքս փող ընկնի, Փափազյանի բոլոր գրքերն առնելու եմ», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «հեչ փող չունե՞ս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ունեմ, բայց էդ փողս ուրիշ բանի համար ա նախատեսված», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «արի ես քեզ փող տամ, Փափազի էդ գրքերն առ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «պարտքո՞վ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում եմ քեզ նվեր անեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ծնունդս էրկու ամիս առաջ էր», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «արի՝ անցած ծնունդիդ առթիվ քեզ նվեր անեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շնորհակալ եմ, ընկեր Մկրտչյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Փափազի գրքերը վռազ չեն», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ չի», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ի՞նչը լավ չի», եւ Ֆրունզիկն ասաց՝ «լավ չի, որ քո պես տղեն փող չունի», եւ Ֆելոն ապշահար նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ փող չունեմ», եւ Ֆրունզիկն ասաց՝ «նոր դու էիր ասում», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ էի ասում», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ասում էիր՝ փող չունեմ, որ Փափազի գրքերն առնեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փող ունեմ, բայց էդ փողով ուրիշ գիրք եմ առնելու», եւ  Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ի՞նչ գիրք ես առնելու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե, իհարկե, գաղտնիք չի», եւ մինչ Ֆելոն կպատասխաներ, հայրս Ֆրունզիկին ասաց՝ «Ստանիսլավսկու  գիրքն ա առնելու», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին, հետո հորս հարցրեց՝ «ո՞ր Ստանիսլավսկու», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «քանի՞ հատ Ստանիսլավսկի կա», եւ Ֆրունզիկն ասաց՝ «իմ իմանալով՝ մի հատ», եւ հայրս ժպտալով ասաց՝ «հենց էդ մեկի գիրքն էլ Ֆելոն որոշել ա առնի», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու հորս հարցրեց՝ «բայց Ֆելոն Ստանիսլավսկու հետ ի՞նչ կապ ունի», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «էս պահին չունի, բայց հետո կունենա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ գիրքը կարդալուց հետո», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ »բայց Ստանիսլավսկու գիրքը  հայերեն չկա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ռուսերեն ա կարդալու», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ռուսերեն հասկանում ե՞ս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էշը ցեխից հանում ենք, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Ստանիսլավսկու ռուսերենը սովորական ռուսերեն չի», եւ Ֆելոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որոշ էջեր կարդացել՝ լավ էլ հասկացել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ պարզ ու հասկանալի ա գրում», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ամեն օր էս կողքի գրախանութի վաճառողուհուց Ստանիսլավսկու էդ գիրքը վերցնում, ոտի վրա ժամերով կարդում ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ գրախանութին ա վնաս տալիս, համ էլ՝ մեզ», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ եմ ձեզ վնաս  տալիս», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝  «գործը թողում, գնում՝ ժամերով էդ գրախանութի դախլին դայաղ ես ըլնում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով   հորս հարցրեց՝ «բա գրախանութի՞ն ինչով եմ վնաս տալիս», եւ հայրս ասաց՝ «էդ գրախանութի վաճառողուհին մի քանի անգամ քեզնից բողոքել ա», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա ասել», եւ հայրս ասաց՝ «ասում ա՝ ձեր էդ աշակերտն առավոտից իրիկուն  մեր դախլին թիկն տված՝ Ստանիսլավսկու ու Փափազյանի գրքերն ա կարդում. ասում ա՝ էդ ե՞րբ ա աշխատում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728