Փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում կատարված վերջին փոփոխություններին:
«Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարել է բանակցային գործընթացը, այլ նաեւ իր ոչ ռազմավարական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին` թե Լապշինի հարցը, թե սեւ ցուցակի ընդլայնումը, թե Եվրախորհրդարանի պատգամավորների հանդեպ հետախուզում հայտարարելը ոչ այլ ինչ են, քան դասական աբսուրդի ժանրից: Դրանք զավեշտալի, ծիծաղելի եւ ոչ տրամաբանական քայլեր են, մի երկրում, որտեղ ոչ միայն սուլթանական բացահայտ կառավարում է ընթանում, այլեւ ընտանեկան կառավարում, ոչինչ զարմանալի չէ, որ տիկին Մեհրիբանը կարող է լինել փոխնախագահ, իրենց որդին լինի վարչապետ, մյուս աղջիկը պառլամետի նախագահ, մյուսն էլ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք նման պահվածքից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ