Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունը որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ ու օգտվելու է բոլոր միջոցներից:
Նա նշեց, որ կուսակցության գործադիր մարմինը մանրամասն քննարկել է ծրագիրը, նախնական քարոզչությունն ընթանալու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով:
«Մեզ համար Հայաստանի Հանրապետության թիվ 1 մարտահրավերը մնում է անվտանգությունը, անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է եւ մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, որի համար անվտանգությունը շատ կարեւոր արժեք է, պետք է ամրապնդենք այն, որովհետեւ առանց անվտանգության դժվար կլինեն այլ ոլորտներում փոփոխությունները»,-հայտարարեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ