Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հանրաքվեին հետևած Ֆրանկ Էնգելը, որի նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և հայտարարել նրա դեմ միջազգային հետախուզում, Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն այժմ գտնվում է Բրյուսելում`ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի շարք օտարերկրացիների, այդ թվում Եվրախորհրդարանի 3 անդամների` Լյուքսեմբուրգի քաղաքացի Ֆրանկ Էնգելի, Կիպրոսի քաղաքացի Էլենի Տեոխարուսի և Չեխիայի քաղաքացի Յարոմիր Շտետինայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար քրեական գործ էր հարուցել: Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` դատարանի որոշմամբ` պատգամավորների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մեզ հետ զրույցում պարոն Էնգելը Բրյուսելից փոխանցեց. «Ադրբեջանը չի կարող միջազգային հետախուզման որոշում ընդունել դա միայն կարող են անել միջազգային մարմինները»:
Ֆրանկ Էնգելը հայտնեց, որ իրենք կգնահատեն իրավիճակը և կարձագանքեն կատարվածին:
Կարդացեք նաև
Նա հավաստիացրեց, որ Ադրբեջանի նման գործողությունները չեն կարող խոչընդոտել եվրոպացի պատգամավորներին այցելել Արցախ ու շեշտեց. «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից վերադառնալու Արցախ»:
Ֆրանկ Էնգելի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ