Քաղաքացիական ակտիվիստ, անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն անդրադառնում է նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի կողմից շրջանառվող քաղբանտարկյալների հարցի բարձրաձայնմանը եւ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» հայտարարություններին:
«Ինձ քաղաքական հարցեր մի՛ տվեք… մի բան հստակ է, իշխանությունը չի կարող ասել Գեւորգ Սաֆարյանին ազատում ենք, որովհետեւ նա քաղբանտարկյալ է:
Այդ նույն մարդիկ՝ոչ իշխանական ուժերից, որոնք այսօր քաղբանտարկյալների հարց են բարձրացնում, որ գան իշխանության, չգիտեն՝ ինչպես այդ խնդիրը պետք է լուծել»,-Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյանի կարծիքով, քաղբանտարկյալների մասին իշխանություններն այլ պատկերացումներ ունեն. «Իշխանության ներկայացուցչին հարցնում ես ՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, թե՞՝ոչ, այդ հարցը հասկանում են ուրիշ ձեւով, որ պետք է Քրեական օրենսգրքով հոդված լինի, որով բոլոր այլախոհները քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե նման հոդված չկա, ուրեմն անձը չի կարող քաղբանտարկյալ լինի: Սա ոչ միայն միամիտ է, անհեթեթ ու ծիծաղելի, սա նաեւ տխուր պնդում է, այդպես ասելով՝ սայլը տեղից չի շարժվի:
Կարդացեք նաև
Քաղբանտարկյալ տերմինը ԵԽԽՎ-ն 2012 թվականին հստակեցրել ու բանաձեւ է ընդունել, որով, այսուհետեւ, քաղբանտարկյալ ասելով՝ ում պետք է նկատի ունենանք;
Ըստ այդ բանաձեւի քաղբանտարկյալ տերմին սահմանման կտորի, Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է: Գեւորգը ոչ միայն քաղբանտարկյալ է, նա նաեւ խղճի հալածյալ է, նա իր քաղաքական հայացքների համար է բանտում, որեւէ բան չի կատարել: Նրան մեղադրում են, որ հարված է հասցրել ոստիկանին, բայց տեսանյութը կա, որ հարված չի հասցրել: Այդ տեսանյութը պետական մարմինները դիտում են ու ասում են՝ երեւում է, ինչպես է հարվածել: Սա աննախադեպ բան է, այդ տեսանյութն ապացուցում է Գեորգի անմեղությունը, որովհետեւ ուզենար էլ չէր կարող հարվածել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ