Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ճնշող մեծամասնությունը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

Փետրվար 23,2017 20:30

Ազգային ժողովի՝ այսօր՝ փետրվարի 23-ին, գումարած լիագումար նիստում պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը և Արսեն Առստամյանը փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանն ասել է, որ անկախ քաղաքական հայացքներից և դիրքորոշումներից՝ պետք է գիտակցել, որ Սահմանադրությունը բոլորի  համար է, և ժողովրդի կամքով ընդունված փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուրի համար:

««Հայրենիք» խմբակցությունը, ողջունելով Սահմանադրության նախագծի համաժողովրդական հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտությունը և ակտիվ մասնակցությունը, արձանագրում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը այլևս իրողություն է»,- նշել է Ռ. Դադայանը:

Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ընթացքին և դրա վերաբերյալ արձագանքներին՝ խմբակցության քարտուղարն ասել է, որ քարոզարշավն ընթացել է քաղաքակիրթ և հանգիստ պայմաններում, որոնց շնորհիվ բոլորը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեսակետները:

«Հանրաքվեն կազմակերպվել էր բարձր մակարդակով, ինչը հաստատել են նաև միջազգային դիտորդները: Այս հանրաքվեն, իր կազմակերպվածությամբ ու ժողովրդավարությամբ, մեկ քայլ առաջ էր նախորդ հանրաքվեից և ընտրություններից, և այդ հանգամանքը վստահություն է ներշնչում արդյունքների հանդեպ»,- ասել է Ռ. Դադայանը և հավելել, որ պետք է նաև հետևություններ կատարել և ապագայում շտկել տեղ գտած թերացումներն ու բացթողումները:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշել է, որ փետրվարի 20-ին ընտրողների ճնշող մեծամասնությունը «Կողմ» քվեարկելով ԱՀ նոր Սահմանադրությանը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, պատրաստակամությունը պաշտպանելու հայրենիքը և էլ ավելի հզորացնելու այն: «Մեր խմբակցությունն իր գոհունակությունն է հայտնում ժողովրդին՝ հանրաքվեին ակտիվ մասնակցության և ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ: Մենք հարգում ենք նաև նրանց տեսակետը, ովքեր այնուամենայնիվ «Դեմ» են քվեարկել ներկայացված նախագծին:

Հանրաքվեն ազատ և թափանցիկ են գնահատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նշելով բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը և արցախցիների վճռականությունը՝ կառուցել ազատ ու անկախ, ժողովրդավար երկիր»,- ասել է Վ. Բաղրյանը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728