«Ակնհայտ երեւում է՝ դատավորը հանդես է գալիս մեղադրող կողմից, ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ դատախազի ասածներն է կատարում, դա էլ է հիմք, որ Արարատ Խանդոյանը քաղբանտարկյալ է, եւ դատարանն էլ կատարում է քաղաքական պատվեր»,- Aravot.am-ին ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արարատ Խանդոյանի գործով դատաքննությունը, Խանդոյանը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Իսկ Խանդոյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեցին ոստիկանության 6 աշխատակիցներ: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրենց: Վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Արսենյանը նշեց, որ «ուղեղի սալջարդ» է ստացել զանգվածային անկարգություններից հետո եւ մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:
«Մեկն ասում էր, թե 40 մետրով ենք առաջ եկել, մեկն ասում էր՝ 15 քայլ ենք առաջ եկել, մեկն ասում էր, թե հատուկ միջոց չի կիրառվել, մյուսը, թե դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին, բայց դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, ու նմանատիպ խառնաշփոթ վիճակ էր, հակասական ցուցմունքներ, ընդհանրապես միմյանց հետ չհամընկնող: Ոստիկաններից մեկն էլ ասաց՝ գլխուղեղի սալջարդ է ստացել, բայց ինչպես կարող է գլխուղեղի սալջարդ ստանալ, երբ առողջ եկել, կանգնել, ցուցմունք է տալիս, այսինքն, բոլորը տարբեր բաներ են ասում:
Կարդացեք նաև
Անհասկանալի է՝ եթե առաջին շարքում կանգնած են եղել՝ ինչպես կարելի է չտեսնել՝ ով է իրենց հարվածել: Այս բոլոր անձինք, որ եկել են, ասում էին՝ ոչ տեսել են, որ Արարատը հարվածել է ոստիկանի, ոչ էլ տեսել են, որ ոստիկանի նկատմամբ բռնություն կատարած լինի, այդ դեպքում ինչու են քրեական գործով նրանք ներգրավված որպես տուժող Արարատ Խանդոյանի մասով»,- զարմացավ փաստաբան Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է Ոստիկանին հարվածելու եւ վահանը քաշելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ