Էդվարդ Նալբանդյանը և Ժոզե Սեռան ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորվել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ամուր հարաբերություններ, որոնք արտահայտվում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսությամբ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր հարցերում դինամիկ համագործակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնում՝ շարունակելու սերտ համագործակցությունը՝ երկու երկրների միջև բարեկամական գործընկերությունն առավել ընդլայնելու և զարգացնելու նպատակով:
Ժոզե Սեռան իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների միջև հարաբերություններն առավել ամրապնդվեցին ռեզիդենտ դեսպանությունների փոխադարձ հիմնմամբ և վերջին տարիներին բարձր մակարդակով քաղաքական երկխոսության պահպանման արդյունքում:
Նա կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, մասնավորապես, քաղաքական հարաբերությունների սերտացումը, ոլորտային համագործակցության խորացումը և ներդրումների խրախուսումը: Միաժամանակ, նա անդրադառնում է Մերկոսուրի և Եվրասիական տնտեսական միության՝ որպես տարածաշրջանային միավորումների մերձեցման հեռանկարներին:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը և Ժոզե Սեռան կարևորեցին Բրազիլիայի հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև կայուն կապերի հաստատման, ինչպես նաև Բրազիլիայում մշակութային բազմազանության զարգացման գործում:
ՀՀ ԱԳՆ