Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի հնարավոր չարաշահումների մասին. «Անպայման իրավապահները կիրազեկվեն». (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 18:35

Այս օրերին շատ է քննարկվում, որ հնարավոր է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված: Այսօր լրագրողները գործող նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Դուք ստանձնել եք նրա պաշտոնը, ծանոթ եք նաեւ նախկին գործընթացին, փաստաթղթաշրջանառությանը, արդյո՞ք կան հնարավոր չարաշահումների դեպքեր, դուք նման բանի ականատես եղե՞լ եք ու հնարավոր համարո՞ւմ եք:

Նախարարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյոք կա քրեական որեւէ գործի հիմք: Մենք լուծելով խնդիրները՝ հերթով քայլ առ քայլ փորձում ենք արդյունավետ օգտագործել հանրային միջոցները: Կարծում եմ, դուք շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ այն խախտումը, որը քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին կիրազեկվեն»:

Հարցին՝ ՀՀԿ-ն անընդհատ խոսում է բարեփոխվելու մասին, բայց տարածքային ցուցակներում կրկին տեսնում ենք օդիոզ դեմքեր, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես իմ բոլոր կուսակից գործընկերներին վերաբերվում եմ խորը հարգանքով: Յուրաքանչյուրը նրանցից անցել է իր ճանապարհը եւ յուրաքանչյուրն այս պահին իր ընտրատարածքում, որտեղ ռեյտինգային ցուցակով է, կարող է մրցել ձայների քանակի համար: Ես դրա մեջ չեմ տեսնում որեւէ խնդիր, որովհետեւ կարծում եմ, որ ընտրողն իրավունքն ունի կողմնորոշվելու»:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ Դուք ՀՀԿ ցուցակի առաջին համարն եք, նաեւ քարոզարշավին եք մասնակցելու, ինչպե՞ս եք հասցնելու ձեր պարտականությունները կատարել: Նախարարը պատասխանեց. «Շատ պարզ, իմ աշխատանքային օրը այսօր տեւում է առավոտյան 6.30-ից, երբեմն, մինչեւ գիշերվա 11.30-ը: Ես կարծում եմ, դրա մեջ բավական ժամ կա, որ ես դրա մեջ իմ աշխատանքային պարտավորությունից բացի զբաղվեմ նաեւ այն գործով, որը, որպես կուսակցության ցուցակի առաջին համար պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»:

Aravot.am-ի հարցին` Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը դեմ է եղել, երբ Ալիկ Միրզաբեկյանին եւ ՊՆ նախարարության մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ազատել են, որովհետեւ կոռուպցիան իրականում այլ տեղ է, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ նրանց, փաստորեն, հանիրավի են պաշտոնազրկել՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե պաշտպանության նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալը ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին: Մնացած ամեն ինչը ձեր վերլուծելուն եմ թողնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728