Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցին՝ աշխատո՞ւմ է 1000 դրամների հիմնադրամը, ինչքա՞ն գումար է հավաքվել՝ պատասխանեց. «1000 դրամների հիմնադրամը աշխատում է: Հիմնադրամի խորհուրդը ձեւավորվեց անցյալ կառավարության նիստի որոշմամբ: Առաջիկա օրերին մենք անցկացնելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարեւոր կարգավորումներ պետք է որոշենք:
Հիմնադրամի գործունեությունը, ինչպես գիտեք, տարածվում է ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա: Մենք, անպայման, կանդրադառնանք նաեւ այն դեպքերին, որ տեղի են ունեցել օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու հատվածում: Մենք շատ կարեւոր խնդիր լուծեցինք, ձեւավորեցինք մի գործիք, որով պետությունը եւ հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն է ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման եւ Աստված մի արասցե, մահվան դեպքում նրա ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը»:
Նախարարն ասաց, որ այսօր արդեն կա համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպայի ընտանիքը ստանալու է 82 մլն դրամի գումար, որից 10 մլն-ը՝ առաջին վճարմամբ, դրանից հետո յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ. «Կարծում եմ, դա շատ լուրջ աջակցության ձեւ է: Նման ապահովագրական վճարներ շատ տեղեր չեն , որ կան, մենք ուսումնասիրել ենք աշխարհի փորձը: Շարքային կազմի համար այդ գումարը կազմելու է մոտ 52 մլն: Այս պահին վճարում չկա, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի: Կայքէջն արդեն պատրաստ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ