Լրահոս
Օրվա լրահոսը

«Փամփուշտ է պայթել գնդացիրի մեջ». ՊՆ նախարարը պարզաբանում է բանակում մեր իսկ զենքից մահացած զինվորի դեպքը

Փետրվար 23,2017 18:10

Այսօր մահացած զինվորը, փաստացի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, մահացել է մեր իսկ զենքից, ինչ է, Սերժ Սարգսյանի 80-ականների զենքն իրականությո՞ւն է արդեն, մենք մեր զենքի՞ց  ենք մեր զինվորին կրակում: Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված լրագրողների այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դա սուբյեկտիվ մոտեցում է. «Փորձում եք թելադրել պատասխանի առումով: Այն դեպքը, որ տեղի է ունեցել այսօր, գտնվում է քննության փուլում եւ քննության արդյունքները, իհարկե, բոլորին հասու կլինեն: Փամփուշտ է պայթել գնդացիրի մեջ: Ինչպես հասկանում եք, ցանկացած զենքի հետ միջադեպեր կարող են լինել՝ զենքի օգտագործման կանոններից սկսած մինչեւ զենքի սարքին կամ անսարք լինելը: Իհարկե, դրա համար կա Քննչական մարմին, որ հասկանա: Ինչ վերաբերում է 80-ականների զենքին, մենք մանրամասն դրան պատասխանել ենք նաեւ զորահանդեսի ժամանակ»:

«Կա որոշակի լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով: Այսօր օգտագործվել են ականանետեր, թեթեւ հրետանի»,- անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ասաց, որ պետք է միշտ զգոն լինենք, որովհետեւ հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրվող խնդիրները. «Մեր զինված ուժերը շարունակում են վերահսկել լիարժեք իրավիճակը եւ շարունակելու են կատարել իրենց գործը»:

Հարցին՝ փաստացի անկանոն պատերազմի տարրեր են օգտագործվում, արդյոք սա ենթադրո՞ւմ է ռազմավարական պլանների փոփոխություն՝ նախարարը պատասխանեց. «Զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որեւէ ձեւով չի կարող արդարացվել, որովհետեւ զինադադարի ռեժիմը ամրագրված է միջազգային պարտավորություն հանդիսացող Հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ նախարարության ԶՈւ-ի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728