Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը երաշխավորում է. «Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության ժամանակ». (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 18:01

Սերժ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց, որ կապ չունի Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, բանակն ապաքաղաքական է լինելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հարցին՝ գործնականում ինչպե՞ս եք դա պատկերացնում, չէ՞ որ զինվորները ձեզ տեսնելով՝ գիտեն, որ դուք առաջին համարն եք, անուղղակի ճնշում դա կարող է լինել՝ պատասխանեց. «Շատ պարզ եմ տեսնում: Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, ՊՆ նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր չլուծված հարցերը, որ կան, դրանք եւս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ:

Քաղաքական պաշտոնը զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ կրելու է այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար: Դրա համար ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանանք: Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում: Իսկ եթե զինվորները որոշեն, որ ՊՆ նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկեն այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է եւ ընտրությունն է»:

Հարցին՝ կարո՞ղ եք երաշխիք տալ, որ բանակը չի ուղղորդվի քվեարկության ժամանակ՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ բանակի մի մասն, այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանին կպաշտպանի՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես առհասարակ քաղաքականության մեջ կարծում եմ, որ մտավախություն ունենալը կատեգորիա չի: Կարծում եմ, ամեն մեկը պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ ամեն քաղաքացի պետք է կարողանա հստակ հասկանալ, թե ինքը որ ծրագրին ու որ գործող անձանց է նախընտրությունը տալիս: Մնացած ամեն ինչը գեղարվեստական ժանրից է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728