Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագյանը դարձավ փոխմարզպետ՝ աղքատ շիրակցիների խնայողությունների հաշվին. Շիրակի մարզպետի պարզաբանումը (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 17:53

Այսօր լրագրողները Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն էր երրորդ փոխմարզպետի հաստիք բերելու իմաստը, մի՞թե այնպիսի աշխատանքներ կային անելու, որ երկու փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը չէին կարողանում գլուխ հանել, Խաչատուր Վարագյանը պիտի գար, որ իրականացներ։

Հարցադրման հետ չհամաձայնելով, Շիրակի մարզպետն ասաց. «Գիտեք, որ պարոն վարչապետի մոտ քննարկում եղավ մարզի ռազմավարական զարգացման ծրագրի հետ կապված։ Գիտեք նաև, որ լուրջ խնդիրներ ունենք Գյումրու զարգացման՝ ներդրումային ծրագրերի հետ կապված։ Հաշվի առնելով Վարագյան Խաչատուրի հնարավորությունները տնտեսություն վարելու, ինքը տնտեսության մարդ է, գտա, որ անձի անհրաժեշտությունը կա։ Ինքը դիմել է, ես առաջարկությունը ներկայացրել եմ ու նշանակվել է պաշտոնում։

Մի բան եմ ուզում շեշտել, որ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չենք վերցրել։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև երբ մենք ներկայացնում ենք երրորդ փոխմարզպետի հաստիքի ավելացում, առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրը մտածում է՝ այ տեսեք, բերեցին, դրեցին, պետական բյուջեից ինչ-որ լրացուցիչ միջոցներ պետք է ուղղորդվեն դրան։

Միանգամից ասեմ, ուզում եմ, որ դուք էլ իրազեկեք մեր ազգաբնակչությանը, որ պետական միջոցներից միջոցներ չենք ուզել, փորձելու ենք մեր տնտեսված գումարների՝ աշխատավարձի հաշվին պահել պարոն Վարագյանին»։

Մեր հարցին՝ ինչքա՞ն աշխատավարձ եք տալու Խաչատուր Վարագյանին, Հովսեփ Սիմոնյանը կոնկրետ պատասխան չտվեց, նա ասաց, թե պետական աշխատողների աշխատավարձը սահմանվում է օրենքով, կա գործակից, նվազագույն աշխատավարձը բազմապատկում են այդ գործակցով, ստանում են թիվը։

Հարցին՝ Խաչատուր Վարագյանին քաղաքական պայմանավորվածության արդյունքում բերեցի՞ք, մարզպետն ասաց.«Չեմ բացառում, նա մեր ՀՅԴ ցուցակում է առաջադրվել, սխալ կլինի ասեմ, որ չկան այդ պայմանավորվածությունները»։

Մեր ճշտող հարցին, թե Վարագյանները 10 հազար ձա՞յն են խոստացել Դաշնակցությանը, Շիրակի մարզպետն ասաց. «Որ մարդիկ թվեր են հրապարակում, ես չգիտեմ որտեղից են վերցնում էդ թվերը, իրենք որտեղից են հորինում, ես մի բան գիտեմ, որ բոլոր թվերը հայտնի կլինեն ապրիլի 2-ի ընտրություններից հետո»։

Հիշեցնենք, որ Վարագյանները ունևոր մարդիկ են, նրանց մեծ եղբայրը՝ Ղազախստանում բնակվող Դավիթ Վարագյանը հաջողված գործարար է, մտերիմ կապերի մեջ է թե՛ Նուրսուլթան Նազարբաևի, թե՛ ՌԴ ու ՀՀ ղեկավարների հետ։ Խաչատուր Վարագյանն էլ փողատեր մի հիմնարկի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի ղեկավարն էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. էդիկ says:

    Սրաանք փորձանք են մեր գլխին: Հարկավոր է չքվեարկել սրանց օգտին ու ազատագրել քաղաքը այս վարակից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728