Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետն, ողջունելով հայաստանյան գործընկերներին, նշել է, որ վերջին տարիներին հայ–վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: «Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:
Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ–վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:
Կարդացեք նաև
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը:
***
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:
Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ կառավարություն