Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը Երեւանի պետական բժշկական համալսարանում Վարդանանց տոնին նվիրված միջոցառման էր մասնակցում, որին հրավիրված էին նաեւ ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները: Նախարարը մեկ առ մեկ մոտեցավ նրանց, ձեռք սեղմեց, հարցրեց ողջությունը:
Սայլակով տեղաշարժվող այդ զինվորների շարքում էր նաեւ Ռոլանդ Սահակյանը, որը օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում բողոքում էր, որ իրեն ՊՆ-ն անտարբերության ու անտերության է մատնել, չեն տանում արտերկիր՝ բուժման եւ մի շարք այլ խնդիրներ էր ներկայացնում:
Լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաեւ բողոքող զինվորը, որի ծննդյան օրն անգամ չեք շնորհավորել, ինչո՞ւ է բանը հասնում նրան, որ զինվորը դրա մասին բարձրաձայնի:
Նախարարը պատասխանեց. «Մենք պետք է շատ համբերատար եւ պատասխանատու վերաբերվենք նման բոլոր դրսեւորումներին: Մարդը, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, հատկապես, որ այդ խնդիրները ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինել եւ եթե ինքը սրտնեղում է, դա մեր աշխատանքի բացթողումն է: Ուզում եմ բոլոր դեպքերում իմանաք, որ յուրաքանչյուր դեպքը տղաների մեր անընդհատ ուշադրության կենտրոնում է, մեր բուժվարչությունը եւ սոցապահովության վարչությունը մանրամասն յուրաքանչյուր դեպքին հետեւելով՝ արել եւ անելու է ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ նրանց աջակցության համար:
Կարդացեք նաև
Կոնկրետ դիմած զինվորի պարագայում դա եւս այդպես է եղել եւ այդպես շարունակվելու է: Որեւէ նեղվածություն նրա բաց նամակից կամ բացի պարտավորեցնելուց՝ որեւէ ուրիշ բան այդ խոսքը չի թելադրում: Ես, իրոք, կարծում եմ, որ շատ բնական է, որ երիտասարդ մարդը, որն ունի խնդիր շարժունակության, կարող է սրտնեղել: Ես կարծում եմ, մենք պետք է անենք ավելին, որպեսզի նա իրեն բավարարված զգա մեր եւ հասարակության վերաբերմունքից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ