1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի էին ունեցել հայերի սպանդ եւ տեղահանություն: Վերջին յոթ տարում «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում կատարվածի մասին պատրաստվել են ֆիլմեր, տեղեկատվական թերթիկներ, գրականություն, թվայնացվել են բացառիկ տեսանյութեր եւ լուսանկարներ՝ տեղեկատվական բացը լրացնելու եւ միջազգային հանրությանն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ցույց տալու նպատակով:
Թեմայի շուրջ այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը վստահեցրեց՝ հավաքված փաստագրական նյութը բավարար է՝ միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի կատարած հանցագործություններն ապացուցելու համար:
«3 օր Սումգայիթում անարգել սպանում, կողոպտում, բռնաբարում ու տեղահանում էին հայերին, իսկ սովետական եւ ադրբեջանական իշխանությունները չէին փորձում միջամտել: Սումգայիթը մտածված կազմակերպվել եւ իրականացվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից, իսկ Սովետական միության պետանվտանգության կոմիտեն լուռ համաձայնություն է տվել եւ աջակցել այդ հանցագործության կայացմանը»,-ասաց Մարինա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ՝ «սումգայիթը» դարձավ Թուրքիայից ժառանգած եւ սովետական տարիներին վարվող խտրականության, էթնիկ զտումների եւ հայաթափման քաղաքականության դրսեւորում. «Եթե մինչ այդ՝ սովետական յոթանասուն տարիներին տվյալ քաղաքականությունը քողարկված էր, ապա Սումգայիթում ցուցադրական բնույթ ընդունեց»:
Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ Խորհրդային Ադրբեջանը ժամանակին փորձել է «սումգայիթյան» ջարդը տեղափոխել նաեւ Արցախ, սակայն ջարդարար-բարբարոսները հանդիպել են Ասկերանի հայերի ինքնապաշտպանությանը:
Իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին նկատեց, որ որոշ հանցագործություններ չունեն վաղեմության ժամկետ. «Եթե ՀՀ-ի իշխանությունները եւ իրավաբանների հանրությունը չվերցնեն խնդիրն իրենց վրա եւ իրավական գնահատական չտան այդ ցեղասպանությանը, քաղաքական գնահատական չի տրվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ