Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյանը Վիգեն Սարգսյանի մոտ ամոթանք տվեց բանակում չծառայողներին. «Մարդ պետք է ամաչի»

Փետրվար 23,2017 17:32

Առաջին հիվանդանոցում նոր վերականգնողական կենտրոն է բացվելու, որը սպասարկելու է բանակում վիրավորված զինվորներին: Այսօր Բժշկական համալսարանում Վարդանանց տոնին նվիրված միջոցառման ժամանակ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը շրջայց կատարեց հիվանդանոցում եւ պատասխանեց Բժշկական համալսարանի ուսանողների հարցերին:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով նախարարին՝ տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հայ տղամարդ իր պարտքը պետք է համարի հայ զինվորի պատրաստած բացիկով շնորհավորել իր մայրիկի, քրոջ, կնոջ տոնը: Իսկ բացիկները ներկայացված էին նաեւ համալսարանում:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերով ՝ «Ամեն ինչ սկսվում է այսպիսի լսարաններից, դպրոցից, համալսարանից»: Նախարարը շնորհավորեց բոլորին հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, որը պետական տոն չի այլեւս:

Նախարարն ասաց, որ հերոսները մեր մեջ են, բայց հաճախ նրանց փնտրում ենք այլուր. «Հերոսները այն պահին, երբ տատանվելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ ոչ միայն բնական չի, այլ նաեւ հարիր չի: Նրանք գին են վճարում եւ ապացուցում են, որ այն երբեք վատնված չի: Այստեղ տղաներ են նստած, որ ասում են՝ եթե այսօր էլ նույն իրավիճակում հայտնվեր՝ նույնը կաներ, նույն խիզախությանը կգնար: Ապրիլինի, ինչպես այստեղ նստած տղաները հանձնեցին իրենց քննությունը, այնպես էլ մեր ժողովուրդը հանձնեց շատ ծանր քննությունը: Մինչեւ ապրիլյան դեպքերը շատերն ասում էին, որ եթե նորից նման փորձություն լինի, շատերը չեն գնա: Ապրիլից հետո այլեւս չկա որեւէ մեկը, որ այդպես է մտածում: Ինչպես պատերազմի դաշտում է պետք հերոսանալ, այնպես էլ յուրաքանչյուր օր՝ մեր առօրյա կյանքում հերոսությունը պետք է իր տեղն ունենա»:

Նախարարն ուսանողներին բաժանեց նոր տպագրված՝ «Նժդեհի հաց կեր ու զորացիր» գրքույկը եւ ասաց, որ այն պետք է դառնա յուրաքանչյուր զինվորի գրպանի գիրքը. «Երբ խոսում ենք համախմբվածության մասին, հատուկ պետք է նշենք, մեր բժիշկների սխրանքը: Բժիշկը կրկնակի բեռ է կրում մարտի դաշտում, մի կողմից զենք է կրում եւ իր մասնագիտական պարտքն է անում: Մեր բժիշկներն ապացուցել են, որ իրենք ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը, որպես ՊՆ նախարար, չի հավակնում ազգ-բանակ կոնցեպտի դափնիներին, դրա մասին խոսվել է երկար տարիներ:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց՝ կանայք հնարավորություն ունե՞ն ծառայելու, քանի որ ապրիլյան պատերազմի օրերին նաեւ իրենց համալսարանից շատերը ցանկություն ունեին մեկնելու ճակատ: Նախարարը պատասխանեց, որ Հայաստանը, որպես հավասար հնարավորությունների կողմնակից պետություն, պետք է այդ մասին հոգ տանի: Նա նշեց, որ այսօր էլ պայմանագրային կին զինծառայողներ կան:

Ուսանողներից մեկն էլ ասաց, որ Արցախ են պլանավորել գնալ ամռանը եւ հարցրեցին՝ հնարավո՞ր է նաեւ առաջնագիծ այցելել: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ իրենք շահագրգռված են, որ քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ օր օրի ուժեղանա. «Բանակն ունի շատ գաղտնիքներ, բայց զինվորի կենցաղը, պայմանները ծառայության պետք է բաց եւ հասկանալի լինեն հասարակությանը»: Նախարարը խոստացավ, որ ամեն ինչ կանեն իրենց այցը կազմակերպելու համար:

Ուսանողներից մեկն էլ հարցրեց՝ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտը, որն առնվազն առաջին բուժօգնություն կարող է ցույց տալ, հնարավորություն կունենա՞ մեկնել ճակատ: Նախարարը պատասխանեց. «Նույնիսկ ամենակազմակերպված բանակի դեպքում կամավորական շարժումը եւ ձգտումը ոչ ոք չի կարող արգելել: Բայց վստահ եղեք, մեր ԶՈՒ-ն բավականին ռեսուրս ունի, կամավորական մեծ շարժում ունեցող երկիր լինելով՝ մենք այսօր գիտենք, թե որ պահին է, որ կուրսանտի ուսերին պետք է մնա ոսկյա ժամի ընթացքում վիրավորին բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությունը»:

Նախարարն ասաց, որ այնուամենայնիվ, եթե առանց թույլտվության կուրսանտը մեկնի ճակատ ու փորձեն հեռացնել այդ ուսանողին համալսարանից, նախարարն անձամբ կփորձի միջամտել ու չեն հեռացնի:

Ի դեպ, միջոցառմանը հրավիրված դերասան Հրանտ Թոխատյանը, ողջունելով նախարարին, ասաց, որ ինքն ու իր երկու որդիները ծառայել են բանակում եւ շատ հպարտ են, որ կրել են այդ համազգեստը. «Կգա մի ժամանակ, ես վստահ եմ, որ բանակում ծառայած չլինելը ուղղակի կլինի ամոթ: Մարդ պետք է ամաչի: Պարոն նախարար, ես վստահ եմ, կգա այն օրը, որ տղա ծնվելուց, ինչու չէ նաեւ՝ աղջիկ, երեխային կհերթագրեն բանակ՝ արդեն 10 տարեկանը լրանալուց: Ամենամեծ պատիժը մեր երկրում կլինի երեխային բանակ չտանելը: Այդ ժամանակ պարզ ճակատով կարող ենք ասել, որ երկիր ունենք ու ամենահզոր բանակը»:

Վիգեն Սարգսյանը, որը բանակում չի ծառայել, լսեց Հրանտ Թոխատյանի ամոթանքն ու գլխով արեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728