Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրգործ հարուցելը կոչված է սահմանափակելու ԵԽ պատգամավորների ազատ տեղաշարժման իրավունքը

Փետրվար 23,2017 17:11

Որպես զավեշտ և քաղաքական մառազմ է պետք որակել Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը՝ Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ պատգամավորներ պրն. Ֆրանկ Էնգելի և պրն. Յարոմիր Շտետինայի ինչպես նաև ԵՌՊ խմբի անդամ տկն Էլենի Թեոխարիուսի նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված:

Այս արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պետության հեղինակությունը ոտնատակ տալուն ուղղված ևս մեկ քայլ: Ադրբեջանը շարունակում է ապացուցել աշխարհին, որ ոչ միայն հեռու է «մարդու իրավունքներ» հասկացողությունից իր երկրի ներսում, այլ նաև պատրաստ է առ ոչինչ համարել միջազգային ընդունված նորմերն ու սկզբունքները:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելը կոչված է սահմանափակելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ազատ տեղաշարժման իրավունքը, խոչընդոտներ ստեղծելու ազատ խոսքի արտահայտման համար: Էլ չեմ ասում նրանց անձեռնմխելիության իրավունքի առկայության մասին: Այս ամենը կատարվում է 21-րդ դարում՝ մի պետության կողմից, որը հանդիսանում է եվրոպական կառույցների անդամ:

Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը պետք է կոշտ արձագանքի արժանանա միջազգային կառույցների կողմից: Այս ամենը ուղղված է ժողովրդավարության օրրաններից մեկը համարվող համաեվրոպական կառույցի դեմ: Սա քայլ չէ միայն այն պատգամավորների դեմ, ովքեր իրենց խղճի և մտքի ազատության ու համոզմունքների դրսևորման ձևերից մեկն են համարում Արցախի ժողովրդի ազատությանն ու անվտանգությանը սատարելը:

Եվրոպառլամենտի նախագահի հետ նախատեսվող հանդիպումը ցինիկաբար բոյկոտող, Եվրոպառլամենտի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևերը ցուցադրաբար արհամարհող, սեփական երկրում ժողովրդավարությունը խեղդող, ընտանեկան կլանի իշխանությունը ամրապնդող Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության հանդուրժողականության հանդեպ չափն ու սահմանն արդեն հատել է: Ժամանակն է խանական այդ երկրին գրողի ծոցն ուղարկել Եվրոպական քաղաքականությունից:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728